Օրերս ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին՝ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Սարգսյանը գագաթնաժողովում հանդես էր եկել ելույթով, որտեղ անդրադարձել էր Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության հետ կապված մի շարք հարցերի: Եվ սպասելի էր, որ լինելով ժողովրդի կողմից մերժված առաջնորդ, ինչպես է Սարգսյանը ներկայացրել իրավիճակը Հայաստանում: Ինչի հիման վրա էլ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը մտահոգություններ է հայտնել Հայաստանում ժողովրդավարության հետընթացի առնչությամբ և կոչ է արել ՀՀ իշխանություններին չճնշել ընդդիմությանը:
«Նախ Դոնալդ Տուսկը խոսել է ընդամենը որպես եվրոպական կուսակցություններից մեկի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ, այսինքն՝ սա ոչ թե եվորպական պաշտնական դիրքորոշում է, այլ Եվրախորհրարանում մեծ ներկայացվածություն ունեցող ուժերից մեկի ղեկավարի կարծիքը,- Ararartnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը,- դրանք միանգամայն տարբեր հարթություններ են, ինչն իհարկե, չի նշանակում, թե Տուսկի ղեկավարած կուսակցության դիրքորոշումը կարևոր չէ։ Բայց պետք է հասկանալ այդ դիրքորշման գենեզիսը, այն, թե ինչպես, ինչի արդյունքում է այդ կարծիքը ձևավորվել։ Իսկ մենք գիտենք, որ այո, ԵԺԿ անդամ է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը վերջին երկու տարիներին հետևողականորեն ամեն ինչ անում է աշխարհում, առաջին հերթին Եվրոպայում Հայաստանը, Հայաստանի իշխանություններին վարակաբեկելու համար»,- նշեց Բաբաջանյանը, նկատելով, որ Տուսկի վերջին գրառման հարցում ևս ՀՀԿ–ն մեծ ջանքեր է գործադրել. «Դա իհարկե, մեղմ ասած, երեսպաշտություն է, քանի որ ՀՀԿ–ն այն կուսակցությունն է, որը 2015 թվականին ամենաբիրտ ձևով ԲՀԿ–ին ու Գագիկ Ծառուկյանին դուրս մղեց քաղաքականությունից»։
Ըստ Բաբաջանյանի՝ դրանք այլ ժամանակներ էին, և եվրոպացիների հետ աշխատող հանրապետականները նույն ջանասիրությամբ նրանց ոչ թե զեկուցում էին իրական վիճակի մասին, այլ մոլորեցնում էին։ «Եվ այսօր, այն ուժի ներկայացուցիչները, ովքեր հինգ տարի առաջ ամենակոպիտ, հակաժողովրդավարական քայլերով պատժում էին ԲՀԿ–ին, այս առիթն օգտագործում են եվրոպական այս կամ այն գործչի կողմից Հայաստանի դեմ հայտարարություն կորզելու համար»,- համոզված է պատգամավորը։
Բաբաջանյանն այն կարծիքին է, որ Տուսկի հայտարարությունը պետք է դիտարկել հենց այս գործոնների լույսի ներքո, բայց այդ հայտարարությունը շատ խոցելի է՝ հաշվի առնելով հենց ԵԺԿ–ի նախկինում արտահայտած դիրքորոշումները, վկայակոչելով, որ տարիներ առաջ ԵԺԿ–ն մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցության հայտը, ըստ էության նույն հիմնավորմամբ, որով այսօր Հայաստանի իշխանությունը իրավական գործընթաց է սկսել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։
«Գուցե ձևակերպումներում սխալվեմ, սակայն ԲՀԿ–ին մերժելու ԵԺԿ–ի հիմնավորման իմաստն այն էր, որ ԵԺԿ–ի շարքերում չեն կարող տեղ ունենալ օլիգարխիկ ծագում ունեցող կուսակցություններ։ Եվ առնվազն տարակուսելի է, որ ժամանակին նման դիրքորոշում հայտնած քաղաքական ուժի այսօրվա ղեկավարը հանդես է գալիս հայտարարությամբ, որը հակամետ է իր ներկայացրած կուսակցության նախկինում արտահայտած մոտեցմանը»,- ասում է Բաբաջանյանը։
Մեր հարցադրմանը, թե այս ամենը արդյոք կարող է ինչ-որ ձեւով ազդել Հայաստան–ԵՄ հարաբերությունների վրա, պատգամավորը պատասխանեց. «Վստահ եմ, որ այն որևէ ազդեցություն չի ունենա։ Նույն գրառման մեջ Դոնալդ Տուսկը պատրաստակամություն է հայտնում ԵԺԿ–ի անունից՝ աջակցելու Եվրամիության հետ Համապարփակ գործընկերության համաձայանգրի իրականացմանը։ Դա այն լրջագույն իրավաքաղաքական հենքն է, որի հիման վրա զարգանում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները, և առանձին վերցված մի քաղաքական ուժի ղեկավարի հայտարարությունը չի կարող ազդել դրանց վրա։ Այլ հարց է, որ, ինչպես բազմիցս եմ նշել, Հայաստան–Եվրամիություն հարաբերություններում կա չիրացված զգալի ներուժ, որի իրացման ուղղությամբ, ցավոք, ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ առավել ևս խորհրդարանական դիվանագիտությունը բավարար աշխատանք չի կատարում»։
Արման Բաբաջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կարձագանքի Հայաստանը (եթե իհարկե պետք է արձագանքի) այս հայտարարությանը։
«Իմ խորին համոզմամբ, Տուսկի հայտարարությանը Հայաստանի պատասխանը, որի մասին հարցնում եք դուք, պետք է լինի ոչ թե ուղղակի, ոչ թե որևէ հակամետ հայտարարության տեսքով, այլ հենց եվրոպական ուղղությամբ դիվանագիտական աշխատանքի, ջանքի ակտիվացմամբ, բազմապատկմամբ։ Պետք է խոսել, երկխոսել եվրոպական կողմի հետ ինչպես պաշտոնական խողովակներով, այնպես էլ քաղաքական հարթությունում, Եվրախորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ հարաբերությունների տիրույթում։
Այն, որ ՀՀԿ–ն եվրոպական ուղղությամբ կարողանում է նման «հաջողություններ» արձանագրել, վկայում է քաղաքական մյուս ուժերի, առաջին հերթին՝ իշխող կուսակցության վատ, թերի աշխատանքի մասին։ Եթե լիներ նման աշխատանք, կրկնում եմ, ոչ միայն դիվանագիտական, այլ նաև քաղաքական աշխատանք, մենք եվրոպական որևէ կուսակցության կողմից նման կարծիքներ չէինք լսի»,- ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը, օրինաչափ համարելով, որ ժողովրդի կողմից մերժված և ժողովրդի ճնշումների ներքո իշխանությունը հանձնած մարդու կարծիքը լսելի է եղել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի կողմից:
Հայկ Մագոյան