ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Որքան էլ փորձեն Ռուսաստանը և Թուրքիան մոռացության մատնել պատմությունն իր տասներկու պատերազմներով, որքան էլ ճգնեն երկկողմ հարաբերություններին հաղորդել բարեկամական բնույթ և գտնել փոխշահավետ համագործակցության կետեր, միևնույն է՝ նրանք երբեք չեն դառնալու ռազմավարական դաշնակիցներ և բարեկամներ։ Ճիշտ է, ռուս-թուրքական հարաբերություններն ապրում են վերջին հարյուր տարվա ամենահաջող շրջանը, սակայն նրանք ընդամենը ժամանակավոր-իրադարձային գործընկերներ են, և նրանց ալյանսը փլվելու է՝ ինչպես ավազի վրա կառուցված տունը։ Այսօր արդեն դրա նախանշանները կան՝ ռազմական գործողություններ Սիրիայում, ռազմատնտեսական շահերի բախում Լիբիայում, Ղրիմ, Էրդողանի լարախաղացություն գերտերությունների միջև և այլն, և այլն։ Իսկ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիվանագիտությունն այս իրողությանը դեմ-հանդիման։ Ուշադիր, խիստ ուշադիր հետևել ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկային, անհրաժեշտության պարագային իրականացնել կանխարգելիչ քայլեր և ամեն ինչ անել 20-ական թվականների նման իրավիճակում չհայտնվելու համար»։