ԱԺ-ում քննարկվում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքների փաթեթը: Ըստ օրենքի՝ ստուգելու են անձի օրինական եկամուտը, աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները, ստացված փոխառությունները, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը, գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) եւ հեղինակային վարձատրությունը, շահաբաժինները, խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները), մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաեւ վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները), նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները, ժառանգության կարգով ստացված գույքը (նաեւ դրամական միջոցները), ապահովագրական հատուցումները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը, գույքը օտարելուց ստացված եկամուտը, վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը, միանվագ վճարները, գույքային իրավունքներից ստացված եկամուտը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը, կենսաթոշակը, գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտը:
Հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայտնի հանգամանքները՝ իրավասու մարմինը որոշում է ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատված:
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանին Araratnews.am-ը մի քանի հարց ուղղեց օրինագծի մասին:
Պարո՛ն Խուրշուդյան, արդյոք օրենքն ամբողջական է, չունի՞ բաց կողմեր:
Օրենքի գլխավոր բաց կողմը հնարավոր է դիտարկել միայն երկարաժամկետ, եթե կուզեք՝ ռազմավարական տեսանկյունից. այն չի ծածկում Հայաստանում ապօրինի գույքի տիրապետող բոլոր անձանց, այլ միայն խիստ որոշակի խմբերի, մասնավորապես՝ մինչ այժմ քրեական որեւէ գործով անցնողներին եւ պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի դեռ նշված օրենքը զուգորդված չէ համընդհանուր հայտարարագրման օրենքով: Այս վերջինի ընդունման մասին դեռ ընդհանրապես խոսք չի եղել: Միաժամանակ, անգամ կարճաժամկետ կտրվածքով այս օրենքը ի վիճակի չէ լուծել իր առջեւ դրված անգամ մարտավարական խնդիրը, քանի որ ներկայիս դատաիրավական համակարգի ծավալն ու կարողությունները չեն բավականացնում անգամ օրենքով ծածկվող, ապօրինի գույքի տիրապետող անձանց սահմանափակ շրջանակը բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու, այսինքն՝ գույքը բռնագանձելու համար: Շատ կարճ ժամանակում պարզ կլինի, որ եթե մենք ուզում ենք իրացնել այս օրենքով նախատեսված՝ կոռուպցիայի դեմ պայքարի հնարավորությունները, ապա պետք է էապես ավելացնենք քննչական մարմինների եւ դատավորների քանակն ու կարողությունները:
Արդյո՞ք հնարավոր կլինի օրենքի ընդունումից հետո ժողովրդից թալանվածը հետ բերել:
Օրենքը, փաստացի, բացառապես դրան էլ միտված է եւ չի ենթադրում անձի այլ տիպի պատիժ՝ թալանի, գանձագողության համար, քան պարզ ունեզրկում: Ըստ էության, այն իր մեջ պարունակում է թաքնված համաներման տարր: Ըստ օրենքի՝ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը չի նշանակում գործողություններ իրականացնել՝ առանց դատարանի։ Օրենքը սահմանում է, որ բռնագանձման թույլտվություն տրվում է ոչ թե Քրեական, այլ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով: Այսինքն՝ բռնագանձման վերաբերյալ կայացվում է ոչ թե դատավճիռ, այլ որոշում: Իմ խորին համոզմամբ, օրենքը պետք է ունենար ոչ միայն ստորին շեմ, որն, ի դեպ, վերջին պահին բարձրացվեց 25 միլիոն դրամից 50 միլիոնի, այլ նաեւ վերին, որի դեպքում նման համաներման, այսինքն՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով դիտարկվելու հնարավորություն հանցագործությանը չէր տրվի, եւ գույքի բռնագանձումից բացի անձը կենթարկվեր նաեւ քրեական պատասխանատվության: Դա պետք է վերաբերի առանձնապես խոշար չափերի գույքին, որը, ի դեպ, համաձայն Քրեական օրենսգրքի Հոդված 216-ի՝ «Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը», կազմում է նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը, այսինքն՝ 3 միլիոն դրամը: Բայց քանի որ ապօրինի գույքին վերաբերող հարցերում ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքը գերակա է համարվում հենց նույն օրենքում մտցված համապատասխան դրույթով, ապա այն, կրկնում եմ, դառնում է փաստացի համաներման գործիք, որը խոշոր գանձագողերի դեպքում անընդունելի է:
Կարծես թե նախկին իշխանության ներկայացուցիչները չեն ընդվզում այս օրենքի դեմ գոնե հիմա: Ինչի՞ վրա է նրանց հույսը: Հնարավո՞ր է ՍԴ ներկա կազմի շնորհիվ վիճարկեն օրենքի սահմանադրականութունը:
Իրենք անմիջականորեն ձայն չեն հանում, բայց, օրինակ, իրենց քաղաքական արբանյակները այդ հարցով բարձրաձայնումներ արել են, «ահազանգ» հնչեցրել են, ի դեպ, նենգափոխելով օրենքի էությունը եւ փորձելով հանրությանը ներկայացնել, թե իբր այն իշխանություններին իրավունք է տալու առանց դատարանի որոշման ունեզրկել ցանկացած քաղաքացու: Հիշենք նույն Վազգեն Մանուկյանի եւ այլոց հարցազրույցները: Իսկ այս հարցով ՍԴ դիմելը նախկին իշխանությունների օգտին չի լինելու: Նախ, խնդրահարույց է նման դիմումը ՍԴ հասցնելու ընթացակարգը: Բայց, պատկերացրեք, որ հանկարծ հաջողում են, եւ ՍԴ-ն էլ քննում է այս օրենքը եւ այն հակասահմանադրական է ճանաչում: Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ դա միայն կապացուցի ժողովրդին, որ ՍԴ-ն կանգնած է ոչ թե ժողովրդի շահերը եւ օրինականությունը, այլ նախկինների թալանածը պաշտպանելու դիրքերում: