Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ և առանց հատուկ թույլատվության 2013-2015 թվականների ընթացքում իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտնած տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2013 թ․ մարտին ընկերությունը ձեռք է բերել մեկ այլ ընկերության հանքարդյունաբերական սարքավորումները, նրան է փոխանցվել նաև Արարատի մարզի Ավշար համայնքի վարչական տարածքում գտնվող, ենթավարձակալված, ընդհանուր 10 հեկտար տարածքը, որն այդ ժամանակ գտնվել է գործունեություն ծավալելու համար լիցենզիա ստանալու գործընթացում։
Ըստ այս պահին եղած քննությանը հայտնի տվյալների՝ ընկերությունը նման պայմաններում 2013 թ․ մարտից 2016 թ․ մարտն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այդ ընթացքում արդյունահանվել է 2649,6 քմ մակերեսով՝ 9717,9 խմ ծավալով տրավերտինի հանքաքար, որից շուրջ 9379,7 խմ-ն առանց համապատասխան հաշվապահական փաստաթղթավորման՝ կանխիկ եղանակով իրացվել է։
Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ պետությանը պատճառվել է շուրջ 95,797,000 դրամի նյութական վնաս։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն: