Այսօր Ազգային ժողովում 2014-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեկնաբանեց, թե ինչու են իրենք (ՀԱԿ) դեմ քվեարկելու ներկայացված բյուջեի նախագծին:
«Մենք այդ բյուջեն անվանեցինք համակարգված կոռուպցիայի, պետական եկամուտների եւ ծախսերի թալանիք, պետական անվճարունակության եւ վերջապես խաբեության բյուջե: Համաձայն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եւ մեր սեփական վերլուծություններիˋ պետական բյուջեից տարեկան թալանվել է 2,5 միլիարդ դոլարի չափով գումար»,- ասաց Զուրաբյանը:
Նրա խոսքերովˋ բյուջեի ներկայացված նախագիծը որեւէ կերպ չի արտացոլում Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարության կողմից թմբկահարված ծրագրերըˋ ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի, Իրանի հետ Մեղրիում նոր հէկի կառուցման եւ իրականացման որեւէ ծախս։
«Սա նշանակում է, որ իշխանությունները տարիներ շարունակ զբաղվել են բաց խաբեությամբ»,-ասաց Զուրաբյանը: