Հայաստանում պարենային ապրանքների գները ԱՊՀ այլ երկրների համեմատ 17%-ով ավելի բարձր են, որի պատճառով Հայաստանի սպառողները տարեկան շուրջ 290 միլիոն դոլարի կորուստ են ունենում: Այս ուշագրավ եզրակացությանն են հանգել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի մասնագետները:
Նրանք ուսումնասիրել են Հայաստանի պարենամթերքի շուկան, քանի որ հայաստանցի միջին սպառողի զամբյուղի գրեթե կեսը բաժին է ընկնում պարենային ապրանքներին, իսկ պատրաստի սննդի արդյունաբերությունը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսությունում` կազմելով արդյունաբերական արտադրանքի գրեթե մեկ երրորդը, իսկ սննդամթերքի մանրածախ վաճառքը կազմում է ընդհանուր մանրածախ վաճառքի 60%-ը:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի, ներկրման ծախսերի, ապրանքատեսակի և ժամանակային գործոնների տարբերությունների ճշգրտումից հետո պարզվել է, որ, այնուամենայնիվ, ԱՊՀ երկրների համեմատ Հայաստանում պարենամթերքի գները լրացուցիչ 17%-ով բարձր են: Այսինքն` հաշվի է առնվել Հայաստանի` ծովային սահմաններ չունենալն ու հիմնական ջրային ուղիներից (ծովից) հեռավորությունը` որպես ճշգրտիչ գործոն: Սակայն դրանով հանդերձ` ստացվել է, որ պարենամթերքի գները Հայաստանում 17%-ով բարձր են, ինչը պայմանավորված չէ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով և Հայաստանի համար ներկրման ավելի վատ պայմաններով: Այդ 17%-ը մրցակցության կամ շուկայական պայմանների բացակայության հետ կապված խնդիրների արդյունք է, թեև համեմատվող ԱՊՀ երկրներում ևս բացակայում են կատարյալ շուկայական պայմանները:
Մի շարք այլ գործոնների` շուկայի պահանջարկի, միջազգային շուկաների հասանելիության և հարկային բեռի ճշգրտումից հետո ևս համեմատության արդյունքները չեն փոխվում: Այսինքն` բնակչության թվով կամ ՀՆԱ-ով շուկայի մեծությունը ճշգրտելը չի փոխում այն եզրակացությունը, որ Հայաստանում գներն ավելի բարձր են, քան ԱՊՀ այլ երկրներում:
Գների տարբերությունը պայմանավորված չէ նաև հարկային բեռով: Պարենային ապրանքներից գանձվող հարկերը Հայաստանում ավելի ցածր են, քան ԱՊՀ այլ երկրներում:
Այսպիսով, բոլոր փոփոխականների ճշգրտումից հետո ստացվում է, որ միջինից բարձր գների հետևանքով հայաստանցի սպառողների ընդհանուր եկամտային կորուստը տարեկան կազմում է շուրջ 290 միլիոն դոլար: «Նույնիսկ ենթադրելով, որ գների իջեցման դեպքում սպառողները չեն ավելացնի պահանջարկը պարենային մթերքների նկատմամբ, նրանց տարեկան եկամտային կորուստը մեկ շնչի հաշվով կազմում է 87.7 դոլար, այսինքն` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի շուրջ 2.3%-ը և մեկ շնչին ընկնող սպառման 4.2%-ը»,- ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:
Հայկ Մանուկյան