Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի։
Հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել «Յուրի Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշումից հետո Արուսյակ Ջուլհակյանի և Մուշեղ Շուշանյանի հրապարակային հայտարարությունները առ այն, որ Գևորգյանին մեղադրել են կոռուպցիոն գործարքներ ղեկավարելու և հակասահմանադրական որոշումներ ընդունելու մեջ։
Մասնավորապես, օգոստոսի 7–ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարել էր, որ հստակ տեղեկություններ կան, թե հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրավված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին։
Araratnews.am-ի հետ զրույցում փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ ինքը քիչ առաջ է տեղեկացել իր դեմ ներկայացված հայցի մասին․ «Հիմա չեմ կարող մեկնաբանել, որովհետև բառացիորեն 5 րոպե առաջ տեղեկացա հայցի մասին։ Փաստերին ծանոթ չեմ, բայց կարող եմ ասել, որ Գևորգյանը լավ է արել, շատ ուրախ եմ, որ դիմել է, պատրաստ եմ, դատարանում կհանդիպենք»։
Դիտարկմանը՝ Շուշանյանն իրո՞ք մեղադրել է Գևորգյանին կոռուպցիոն գործընթացների ղեկավարման մեջ, փաստաբանը պատասխանեց, որ տեղյակ չէ՝ ինչ հայտարարության մասին է խոսքը․ «Հայցադիմումը դեռ չեմ ստացել»։
Հայցադիմումը դատարանը ստացել է սեպտեմբերի 2–ին, գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։