Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:
Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ, բառ առ բառ մանրամասներ էր հայտնում, թե ինչ աշխատանքներ է տարել կառավարությունը:
Վարչապետի խոսքին հաջորդեցին պատգամավորների հարցերը: Առաջինը, որ զարմացրել է հանրությանը, դա Նիկոլ Փաշինյանի՝ ամեն ինչից տեղեկացված լինելն է: Չկար մի հարց, որին չտրվեր պատասխան, կամ չկար մի ոլորտ, որի մասին ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, տեղյակ չլիներ: Որպես արձանագրություն պետք է նշենք, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ է տեղյակ, թե ինչ է կատարվում երկրում: Նիկոլ Փաշինյանի դեպքում հակառակը լինել չէր էլ կարող, որովհետև 24-ժամյա ռեժիմով աշխատող ղեկավարը պետք է իմանա ամեն ինչ:
Հարցուպատասխանի ժամանակ մեկ այլ ուշագրավ փաստ էլ արձանագրեցինք: Ազգային ժողովում տիրում է հանդուրժողականության և մի քիչ էլ սիրո մթնոլորտ: Առաջին անգամ էր, որ ընդդիմության քաղաքական խոսքը չուներ ագրեսիա, չուներ լարվածություն, չուներ սադրանքի ճանապարհով արտահայտվելու միտում: Եվ երևույթը քաղաքական առումով բացառիկ էր ու ինչ խոսք`նաև հաճելի:
Ընդդիմադիր քաղաքական ուժերը, իշխանական թևի ներակայացուցիչների հետ հնչեցրեցին հարցեր, որոնք երբեմն սուր էին, երբեմն` քննադատական: Ինչը օրինաչափ է, նույնիսկ՝ անհրաժեշտ: Պետական կառավարման համակարգում դրական արդյունք գրանցելու համար առողջ քննադատությունը կբերի առկա խնդիրների տրամաբանական լուծման`ի շահ հասարակության, եթե իհարկե այդ ամենը չի կատարվում սադրանքներով:
Վստահաբար, Ազգային ժողովում տեղի ունեցածը կարող ենք որակել որպես պատմական քաղաքական իրադարձություն: Դեմոկրատիան վերջապես հասավ պետական բարձրագույն մարմնի որոշ ներկայացուցիչների ևս: Ընդդիմադիր գործիչներից շատերը որդեգրեցին իրենց քաղաքական տեսակետները. հարցերը, դիտարկումներն ու դիտողություններն անել ժողովրդավարական պետության պատգամավորին բնորոշ տոնով, խոսքով ու վարքով…
Հեռուստէկրաններից այս կողմ հասարակությունը արձանագրեց ԱԺ-ում նիստի ընթացքում պատգամավորների դեմքին ժպիտ, որն անկեղծ էր`աշխատանքային առողջ մթնոլորտի և գործընկերային հարաբերությունների համատեքստում: Չկար մեկը մյուսի սխալ բառի, խոսքի վրա ինքնահաստատվելու միտում: Կար գործելու, մեկ դահլիճում մեկտեղվելու նպատակային գաղափար և այդ գաղափարի շուրջ աշխատելու պատրաստակամություն:
Հանրությունը նկատեց, որ ԱԺ-ում չկա վախի, քծնանքի, շողոքորթելու մթնոլորտ: Կառավարության ղեկավարի խոսքն անկեղծ էր, շփումը՝ փոխադարձ հարգանքի շրջանակում: Եվ ինչն էլ իր հերթին հեղափոխություն էր բառիս բոլոր իմաստներով:
Հայկ Մագոյան