տուն Լուրեր Պատգամավորներն էլ շոկի մեջ են գազի հաշիվներից

Պատգամավորներն էլ շոկի մեջ են գազի հաշիվներից

114
0

ooooo

Hetq.am Երևանյան տերմինալներից մեկում տարեց մի պապիկ մոտ 5 անգամ ստուգեց գազի գինը: Ամեն անգամից հետո ճըպացնում էր, հետո նորից ստուգում՝ մե՛կ պայմանագրի, մե՛կ հեռախոսի համարով: Բայց 5 անգամներին էլ նույն գինն էր գրվում: Կողքից ուշադիր նայում էի  նրան: Պապիկը ձայն չհանեց, ձեռքը կամուկացով գրպանին մոտեցրեց, հետո դատարկ ձեռքը թափ տվեց օդում: Քիչ անց սրտից բռնելով՝ հեռացավ: Քայլում էր ոտքերը քարշ տալով: Նրա գազի գինը մոտ 35.000 դրամ էր: Այս տեսարանը, սակայն, միակը չէ, որ կրկնվում է այս օրերին: Գազի բարձր գինը ոմանց մոտ շոկ է առաջացրել, այդ թվում նաև՝ պատգամավորների:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այսօր է կատարել կոմունալ վճարումները, և,  ինչպես ինքն ասաց, հայտնվել է շոկի մեջ: «Եթե ես եմ հայտնվել շոկի մեջ՝ որպես պատգամավոր, որը հարաբերականորեն, նորմալ աշխատավարձ է ստանում՝ 245.000 դրամ, անկակնալի եմ եկել, երբ ինձ «մատուցվել» է մոտավորապես 70.000 դրամ միայն գազի հաշիվ, այսինքն՝ գրեթե կրկնակին անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ: Ես տեսա այնտեղ կանգնած շփոթահար մարդկանց, տասնյակ քաղաքացիներ շփոթահար կանգնած էին այդ գումարների անդորրագրերը ձեռքներին և չէին իմանում՝ ինչ անեին»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն անհանդուրժելի է, և քաղաքացին պետք է պայքարի դրա համար:

«Երկիրը հասցված է այն վիճակի, որ եթե չլինի քաղաքական ուժերի և հասարակության համազգային մոբիլիզացիա, որևէ քաղաքական ուժ առանձին կամ մի քանի քաղաքական ուժեր միասին առանց ժողովրդի աջակցության ոչ մի հարց չեն կարողանալու լուծել: Այո, այսպես հանդուրժել չի կարելի: Փետրվարի 1-ին հերթական անակնկալն է լինելու ժողովրդի համար. 1974 թ. հետո ծնված քաղաքացիները, ստանալով հունվարի աշխատավարձը, արդեն շոշափելի տեսնելու են, թե ինչքան է այս կառավարությունը գողացել (ես չեմ վախենում այդ բառից) իրենց աշխատավարձերից կուտակային բլեֆի համար»,- նշեց նա: Ըստ նրա՝ ինքը չի պատկերացնում մի երկիր, որտեղ այս վիճակից  հետո սոցիալական բունտ չլինի:

Հարցին, թե ժողովուրդն ինչպես կարող է տնտեսել, օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ ժողովուրդը պիտի մի քիչ «էկոնոմիա» անի, նա պատասխանեց. «Եթե մարդը ստանում է 40 կամ 45.000 դրամ գրեթե նվազագույն աշխատավարձ, և նրա հաշվի վրա եկել է 60.000 դրամ հաշիվ, որովհետև տանը ծեր կա, երեխա կա, և տունը պետք է ջեռուցվի, ի՞նչը էկոնոմիա անի: Ես ասել եմ. ընդհանրապես գործիչների մի «աստղաբույլ» կա, որոնց խոսելուց առաջ երբեք չի խանգարի մտածելը: Երբեմն էնպիսի տպավորություն ունեմ, որ էս Հանրապետականների կաստայում մի խումբ դեմքեր կան, որոնք միտումնավոր իրենց վրա են վերցնում կամավոր շանթարգելի ֆունկցիան, այսինքն՝ իրենք ասում են՝ թող ժողովուրդը մեզ անիծի, հայհոյի, թքի մեզ վրա՝ կլինի սոցիալական ցանցերում, կլինի հրապարակային, բայց մենք մեզ վրա վերցնում ենք կամավոր շանթարգելի ֆունկցիան մեր վերնախավի, մեր տերերի վրա եկող հարվածը «ռեկաշետով» թուլացնելու համար: Սա թուլամորթի քաղաքականություն է, սա վախկոտի, ստորի քաղաքականություն է»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here