Կուտակային կենսաթոշակային օրենքի նախագիծը քաղաքական դաշտում թեժ վեճերի պատճառ է հանդիսացել: ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այս կապակցությամբ որոշում էին կայացրել դիմել Սահմանադրական դատարան:
Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին են հանձնել 36 պատգամավորի ստորագրությամբ կուտակային կենսաթոշակային օրենքի նախագծի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկող, Սահմանադրական դատարան ուղղված դիմում-բողոքը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ճիշտ չէ կանխակալ գնահատական հնչեցնել, սակայն իր համար հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը դեմ չի գնա իշխանություններինˋ հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետո.«Ես ինձ համարում եմ իրատես քաղաքական գործիչ և հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը չի կասեցնելու այս օրենքի կիրառումըˋ հատկապես նախագահի վերջին ելույթից հետո, որն ուղղված էր պետական մարմիններին, իսկ մենք գիտենք, որ Սահմանադրական դատարանը իշխանության խաղի կանոների շրջանակում է գործում»,-ասաց տիկին Զոհրաբյանը, հավելելով, որ չպետք է ընկճվել և պետք է առաջին հերթին շարժվել իրավական ճանապարհով, ինչը և իրենք անում են:
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ իշխանությունները չպետք է անտեսեն հազարավոր երիտասարդների պահանջը և պետք է վերանայեն այս որոշումը, իսկ եթե Սահմանադրական դատարանն էլ չընդառաջի, ապա իրենք քայլեր կանեն, ըստ իրենց ծրագրի.«Սահմանադրական դատարանի ոչ դրական որոշման դեպքում ևս ունենք հետագա պլանավորած քայլեր, սակայն հիմա նպատակահարմար չէ, դրանց մասին խոսելը»,-եզրափակեց իր խոսքը ԱԺ պատգամավորը: