տուն Լուրեր Բլոգ Պատասխան Արմեն Աշոտյանին

Պատասխան Արմեն Աշոտյանին

245
0

Արմեն-Աշոտյան1

Պատասխան Արմեն Աշոտյանին

1. Ձեր գրառման մեջ գիտական աստիճանի շնորհման կարգի մասին հիշատակելիս մոռացել եք նշել, որ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ է առնվազն երեք գիտական հոդված: Տարոն Մարգարյանի հրապարակած հոդվածներն աղերս չունեն գիտության հետ։ Գրական հայերենով չորս բառից երկար կապակցված միտք արտահայտել չկարողացող որևէ անձ չպետք է ունենար անգամ մագիստրոսի որակավորում, ուր մնաց հավակներ գիտությունների թեկնածուի աստիճանի։

2. Բացահայտ քաղաքական նկատառումներով գիտականության շահարկման անթույլատրելիության մասին խոսելն ավելորդ է մի կրթական համակարգում, որտեղ գիտական կոչումները վաճառվում են և շնորհվում ծանոթ-բարեկամ սկզբունքով:

3. Եթե որևէ բան թաքցնելու իմաստը չէիք տեսնում, ապա ո՞վ էր հրահանգել Ձեր կուսակցության երիտասարդ անդամներին և հովանավորյալներին՝ արգելել լրագրողների մուտքը դահլիճ: Հուսով եմ՝ տեղյակ եք, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը հանցագործություն է։ Ակնհայտ է, որ նշյալ «ուսանողները» վստահ էին, որ իրենց այդ խայտառակ պահվածքի համար վարձահատույց պիտի լինեին, իսկ թե ինչով, Դուք բոլորիցս լավ կիմանաք։ Հիշեցնեմ, որ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը բաց էր, որովհետև այդպիսին է կարգը։ Փակ լինելու համար անհրաժեշտ էր համապատասխան որոշում, որը չկար։ Այն, որ ՀՊՏՀ-ի ռեկտորը չի տիրապետում նշյալ կարգին, փաստացի խոչընդոտում է լրագրողների մուտքը և խրախուսում կարգազանց ուսանողներին, նման արդարացնող գրառում անելուց առաջ Ձեզ երկու րոպե ավելի մտածելու տեղիք պետք է տար և դրդեր համապատասխան քայլեր ձեռնարկելու։

4. Տարոն Մարգարյանը հանրային ծառայող է, հետևաբար առնվազն անտրամաբանական է նրա ատենախոսության պաշտպանության նկատմամբ հանրային հետաքրքրությունը կասկածի տակ դնել՝ հղում անելով տարեկան 500 չլուսաբանվող պաշտպանություններին:

5. Ինչ վերաբերում է քաղաքականացված բեմադրությունները կրթության և գիտության ոլորտներից հեռու պահելու Ձեր կոչին, առաջարկում եմ նման կոչեր անելուց առաջ հաշվի առնել այն հանրահայտ փաստը, որ Ձեր կուսակցությունը բոլոր հնարավոր լծակներով փաստացի կուսակցականացրել է բոլոր պետական բուհերը՝ զրոյի հավասարեցնելով դրանց ինքնավարության սահմանադրական սկզբունքը։ Առաջին անգամը չէ, որ բուհում նման խայտառակ միջադեպ են հրահրում անձամբ Ձեր և Ձեր կուսակցության հովանավորությամբ բուհերը փողոցային մակարդակի իջեցրած և գիտության հետ բացարձակապես կապ չունեցող տարրերը։

Հ.Գ. Առաջարկում եմ Ձեր հայերեն գրառումներում օգտագործել հետևյալ՝ հայոց լեզվում գոյություն ունեցող չակերտները՝ «»։

Գայանե Մելքոմյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here