տուն Քաղաքական Վերլուծական Պայքարի ազնվությունը դեռ բավարար չէ հաջողության համար

Պայքարի ազնվությունը դեռ բավարար չէ հաջողության համար

269
0

Շուտով կբոլորի Արցախյան պատերազմի զինադադարի 20-ամյակը: 20 տարի անց դեռևս կարգավորված չեն պատերազմական գործողությունների մասնակիցների, ազատամարտիկների սոցիալական պայմանները: Զինադադարից հետո մասնակիցների այն հատվածը, ովքեր կարողացան տիրանալ ազատագրված տարածքներում եղած հարստությանը, մտան սկզբնական շրջանում ձևավորված ռազմական օլիգարխիայի մեջ, հետագայում տրանսֆորմացվեցին քրեական օլիգարխիայի ու կարողացան ապահովել իրենց և իրենց ընտանիքների համար բարեկեցիկ պայմաններ` ի հաշիվ պետական սեփականություն հանդիսացող ազատագրված տարածքներում առկա կապիտալի և հետագայում այդ կապիտալի վերարտադրման:

Մասնակիցների այն հատվածը, որը համեստորեն վերադարձավ իր առօրյա կյանքին, անցավ իր մասնագիտական գործունեությանը կամ ստեղծված իրավիճակի դրդմամբ արտագաղթեց, ըստ էության՝ չարժանացավ պետական որևէ ուշադրության, բացի ձևական բնույթ կրող շքանշաններից, պատվոգրերից և սոցիալական որոշ միջոցառումներից:

Այս տարվա ընթացքում ազատամարտիկները վերջապես սկսեցին բարձրաձայնել իրենց սոցիալական խնդիրների մասին: Սկզբնական շրջանում նրանք հայտարարում էին, որ այդ պայքարը զուտ սոցիալական է, չունի քաղաքական ուղղվածություն: Նույնիսկ մի քանի հանդիպումներ տեղի ունեցան Տիգրան Սարգսյանի, Սեյրան Օհանյանի հետ, սակայն էական ոչ մի առաջընթաց չգրանցվեց:

Նման պայմաններում արդեն նախաձեռնությունը սկսեց առաջ քաշել նաև քաղաքական պահանջներ` ազատամարտիկների սոցիալական խնդիրներից աստիճանաբար լայնացնելով պահանջների շրջանակը: Սա սպասելի զարգացում էր, քանի որ մի երկրում, որտեղ իշխանությունը ուզուրպացված է մի խմբի կողմից, որը առաջնորդվում է միայն իր նեղ խմբային, թայֆայական շահերով, մաքուր սոցիալական շարժմամբ արդյունքների արձանագրում ուղղակի հնարավոր չէ: Քաղաքական է ամեն ինչ, և յուրաքանչյուր քաղաքացի, որը բարձրաձայնում է այս կամ այն խնդիրը, զբաղվում է քաղաքականությամբ: Պայքարի շրջանակի լայնացումից հետո ակնհայտորեն շինծու մեղադրանքով կալանավորվեց պայքարի փաստացի առաջնորդ Վոլոդյա Ավետիսյանը:

Ցանկացած շարժման որևէ անդամի ազատազրկումը իշխանության կողմից բացմաթիվ տարիներ փորձված և կիրառված մարտավարություն է: Այդ դեպքում պայքարի ամբողջ էներգետիկան և ռեսուրսը ուղղվում է ազատազրկվածի ազատմանը, իսկ առաջադրված խնդրի լուծումը մղվում է երկրորդական պլան: Նույնը տեղի ունեցավ այս դեպքում: Նման իրավիճակներում կա’մ պետք է շարունակել պայքարը «հաղթանակի դեպքում բոլոր անմեղները կազատվեն» սկզբունքով` փորձելով ապահովել լայնամաշտաբ կոնսոլիդացիա, կա’մ մասսայաբար փորձել լցնել բանտերը, ինչը մեծ ընդգրկում ունենալու դեպքում ունի համակարգը փլուզելու պոտենցիալ:

Ազատամարտիկների դեպքում ոչ միայն չընտրվեց այս մարտավարություններից ոչ մեկը, այլ նաև ի հայտ եկան ռեսուրսներն ու էներգիան վատնելու այլ սև անցքեր, մասնավորապես՝ դաշտ նետվեց գենդերային օրենքը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև մինչ այժմ հարցեր լուծելու կիրառված մեթոդները, կարելի է ասել, որ այս նախաձեռնությունը դատապարտված է անհաջողության: Դեռևս չի հաղթահարվել հարցերը տղայական, եղբայրական, ծանոթ-բարեկամով լուծելու հոգեբանությունը: Պետք է գիտակցել, որ այս համակարգի մեջ գտնվողները չեն կարող ազնվորեն առաջնորդվել հանրության շահերով, որ պետական պաշտոն զբաղեցնող նախկին զինակիցը այլևս չի առաջնորդվում անկախական, հայրենասիրական, մարդասիրական գաղափարներով, պետք է գիտակցել և հարցերին նայել այս դիտանկյունից:

Այնուամենայնիվ, պայքարը ազնիվ է, սակայն դա դեռ բավարար չէ հաջողության համար:

Նարեկ Ամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here