Նախորդ շաբաթ Պակիստանի Քարաչի քաղաքում առևանգված ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երկու պակիստանցի աշխատակիցներն ազատ են արձակվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը։
«Իսլամաբադում մեր գործընկերները քիչ առաջ մեզ հայտնեցին, որ ազատ են արձակվել», — նրա խոսքերն է փոխանցում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
ՄԱԿ-ի աշխատակիցներին առևանգողներն այդպես էլ որևէ պահանջ չեն ներկայացրել։
Հիշեցնենք, որ փետրվարին գրոհայիններն առևանգել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության երեք պակիստանցի աշխատակիցների։ Մինչ օրս հայտնի չէ նրանց գտնվելու վայրը։