Պակիստանի զինվորականները օդային հուժկու հարված են հասցրել Հյուսիսային Վազիրիստան նահանգում իսլամիստ գրոհայինների դիրքերին, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 27 գրոհային։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Բանակի ներկայացուցչի խոսքերով՝ գրոհայինները կազմակերպել են բազաներ Հարավային և Հյուսիսային Վազիրիստանների միջև, որտեղ իրականացվում է մահապարտ ահաբեկիչների ուսուցումը։ Իշխանությունները նշում են, որ այս բազաներն ակտիվացել են այն բանից հետո, երբ Պակիստանի իշխանությունների և «Թալիբանի» միջև բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է խաղաղություն հաստատել իսլամիստների հետ պայքարում, սակայն չէր բացառել ուժի կիրառում, եթե բանակցությունները տապալվեն։