«Իսլամն ընդունելու հարցը մեծ արձագանք է գտել, տեսանյութեր են տարածվել: Ես տեսել եմ մի տեսանյութ, որտեղ մի տղա արաբերենով պատմում է, որ ինքը ընդունել է մահմեդականություն: Որևէ փաստ չկա, որ ինքը հայ է, երկրորդ՝ ոչ ոք չի կարող պնդել, որ նրան ստիպել են: Հաստատապես կարելի է ասել, որ հատուկենտ մարդիկ եղել են, որ ընդունել են իսլամը, պատճառները տարբեր են: Սա փորձ է՝ քաղաքականացնելու հարցը, և շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք չեզոք մնալ՝ այդպիսով ապահովելով մեր համայնքի անվտանգությունը»,- անդրադառնալով Սիրիայի հայկական համայնքին վերաբերող խնդիրներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասացˋ սփյուռքում լայն տարածում գտած azad-hye.net լրատվական կայքի հիմնադիր և խմբագիր Հրաչ Քալսահակյանը:
Պարոն Քալսահակյանը կարևոր է համարում, որ սիրիահայերին վերաբերվող տեղեկությունները լինեն առավելապես ճշտված, որպեսզի անհարկի խուճապ չառաջանա կամ վնաս չհասվի համայնքին. «Այս խնդրի համար է, որ սիրիահայերին վերաբերող ֆեյսբուքյան ամենամեծ խմբերի որոշ անդամներ եկել են Երևան: Այս Երևանում մեր հանդիպման նպատակն է, որպեսզի առաջին հերթին բարձրացվի հավաստի տեղեկությունների հարցը և փորձենք քննարկել այն ճանապարհները, որով կարող են նյութական օգնություն ցուցաբերել սիրիահայ մեր եղբայրներին և քույրերին»,- ասաց պարոն Քալսահակյանը: