Կիևում երեկ տեղի ունեցած դեպքերի մասին Araratnews.am-ը զրուցել է ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի հետ:
«Իշխանությունը չի կարող հաղթել ուժի կիրառման արդյունքում: Չի բացառվում, որ ժամանակավորապես կարող է որոշակի դիրքեր գրավել, սակայն աբողջությամբ ճնշել այդ դիմադրությունը՝ իշխանություններին չի հաջողվի: Բանն այն է, որ իրավիճակը Յանուկովիչի վերահսկողությունից զգալիորեն դուրս է եկել, և նա փորձում է արձակել վերջին փամփուշտները՝ հույս ունենալով, որ այնուամենայնիվ, ուժային կառույցների միջոցով, նաև արևելյան շրջաններում որոշակի աջակից խմբերի միջոցով կկարողանա վերահսկողություն հաստատել կամ վերադարձնել կորսված վերահսկողությունը, բայց, ինչպես արդեն ասացի, ես կարծում եմ՝ դա նրան չի հաջողվի»,- ասաց փորձագետը:
Ըստ Էդգար Վարդանյանի՝ դժվար է ասել, թե ինչով կավարտվի այս պայքարը: «Կարող եմ ասել, որ չի կարող սա ավարտվել իշխանության հաղթանակով: Այդպիսի ելք ես չեմ տեսնում: Կամ կգան որոշակի կոմպրոմիսի, կամ այս կոնֆլիկտը ավելի կթեժանա: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ քաղաքացիական պատերազմ կլինի, բայց կշարունակվեն բախումները: Իսկ դրանք կշարունակվեն մինչ այն պահը, երբ ուժայինների մեծամասնությունը անցնի ժողովրդի կողմը»,- ասում է նա: Ըստ փորձագետի՝ այդ պահը բավականին մոտ է, սակայն հիմք չկա ասելու, թե այսօր կամ վաղը դա կարող է լինել:
«Իսկ եթե խոսենք կոմպրոմիսի վերաբերյալ, դա չի լինելու այն կոմպրոմիսը, որ առաջարկում էր Յանուկովիչը մինչև իրավիճակի թեժացումը: Կոմպրոմիսը արդեն իսկ ավելի խորքային զիջումներ է ենթադրելու»,- եզրափակեց նա:
տուն Լուրեր Չի լինելու այն կոմպրոմիսը, որն առաջարկում էր Յանուկովիչը մինչև իրավիճակի թեժացումը. փորձագետ