Չինացի մասնագետներն արբանյակից նոր լուսանկարներ են ստացել, որոնցում ենթադրաբար երևում են Malaysia Airlines ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները։ Այս մասին գրում է CNN-ը։
Մալայզիայի տրանսպորտի նախարար Հիշամուդդին Հուսեյնը հայտարարել է, որ արբանյակը հայտնաբերել է մի օբյեկտ, որի երկարությունը 22,5 մետր է, իսկ լայնությունը՝ 13 մետր։ Պաշտոնյան պարզաբանել է, որ չինացի մասնագետներն իրեն այդ լուսանկարները քիչ առաջ են հանձնել, ուստի հայտնաբերված օբյեկտի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն առաջիկա ժամերի ընթացքում։
Նոր լուսանկարն արվել է մարտի 18-ին՝ ինքնաթիռի անհետանալուց 10 օր անց։ Հայտնաբերված օբյեկտը ենթադրաբար գտնվում է Հնդկական օվկիանոսում։
Հիշեցնենք, որ քաղաքացիական ավիացիայի պատմության ընթացքում ամենաառեղծվածային անհետացման հետևանքով առայժմ ոչինչ հայտնի չէ ինքնաթիռում գտնվող 227 ուղևորների և անձնակազմի 12 անդամների ճակատագրի վերաբերյալ։