տուն Լուրեր Աստղիկ Գևորգյանի համար ընդամենը Կոմկուսը փոխվել է Հանրապետականով

Աստղիկ Գևորգյանի համար ընդամենը Կոմկուսը փոխվել է Հանրապետականով

178
0

003med

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, մեկնաբանելով Ազգային ժողովում հայ-ռուսական «գազային» պայմանագրերի վավերացման հարցով քվեարկության ժամանակ մի խումբ լրագրողների իրականացրած բողոքի ակցիան, ասել է, որ լրագրողները քաղաքականությամբ չպետք է զբաղվեն.

«…միանշանակ, լրագրողները քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, նրանց առաջին պարտականությունը տեղեկատվությունը ճշգրիտ, օպերատիվ տարածելն է, նրանք նախ պետք է տարածեին այն տեղեկատվությունը, որը բխում էր Ազգային ժողովի քննարկումից: Եվ անկախ նրանից, թե որքան անընդունելի է ԱԺ-ի այդ հինգ թևերի դիրքորոշումները, պետք է լրագրողը ճշգրիտ տեղեկատվություն տա ժողովրդին: Ի վերջո, նա հավատարմագրված է որպես ԱԺ գործունեությունը լուսաբանող լրագրող»:

Փաստորեն, սովետական լրագրության այս կարկառուն ներկայացուցիչը լրագրողին ընկալում է ընդամենը որպես դիկտաֆոն, որը պետք է փոխանցի այն ինֆորմացիան, որը վարչախումբը կբարեհաճի տրամադրել: Այսինքն՝ «պաշտոնական տեսակետից զատ, այլ բան հանրության մատուցելը չի կարելի» շարքից է: Իհարկե, իր դարն ապրած ժուռնալիստների միության իր դարն ապրած նախագահին չի կարելի մեղադրել նման մոտեցում ունենալու համար: Մարդու պատկերացումները շրջակա միջավայրի վերաբերյալ ձևավորվում են հիմնականում միջին տարիքում և ավելի բարձր տարիքում այդ կարծրացած ընկալումները վերաիմաստավորելը գրեթե անհնար է:

Ստացվել է այնպես, որ Աստղիկ Գևորգյանը իր աշխարհը ճանաչելու շրջանը անց է կացրել «Սովետական Հայաստան» թերթում, և այս դեպքում լիովին հասկանալի է վերջինիս պատկերացումները լրագրության, լրագրողական էթիկայի և ժողովրդավարական հասարակություններում լրագրողի դերի մասին: Վերջինիս համար լրատվությունը տարիներ շարունակ եղել է ընդամենը կոմունիստական կուսակցության և սոցիալիստական ղեկավարության խոսափող: Այս մոտեցումներն ու հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայություններն էլ հավանաբար վերջինիս հնարավորություն են տվել 1970-1992 թվականներին զբաղեցնել Հայաստանի ժուռնալիստների միության պատասխանատու քարտուղարի պաշտոնը:

Նման համակարգով անցած անձը բնական է, որ իր պատկերացումները չէր կարող փոխել լրագրության մասին, և այս դեպքում էլ կոմունիստական կուսակցությանը ընդամենը փոխարինելու է եկել Հանրապետական կուսակցությունը, իսկ լրագրող-դիկտաֆոն պատկերացումները մնացել են նույնը:

Հ.Գ. Աստղիկ Գևորգյանը 1992 թվականից մինչ օրս հանդիսանում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, սակայն ժուռնալիստների միության վերջին համագումարը տեղի է ունեցել 2004 թվականին: Հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի Հանրապետական խմբակցության անդամ:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here