տուն Հասարակություն Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը կտեղադրվի Երևանում

Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը կտեղադրվի Երևանում

426
0

Երևանի ավագանին այսօր համաձայնություն տվեց անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու առաջարկին: Այն կտեղադրվի Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի` Աբովյան փողոցին հարող տարածքում:

Երևան քաղաքի ավագանու այս որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը: Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքներն իրականացնելը կկազմակերպի ԿԳՄՍ-ն:

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում:

Հիշեցնենք, որ դեռեւս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում, սակայն չէր արվել: