«Ուրախ եմ, որ, ինչպես մամուլում է գրվում, նույնիսկ գաղտնի որոշումները միանգամից հայտնի են դառնում հասարակությանը»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով վերջին օրերին մեծ աղմուկ հանած՝ նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերի գաղտնի բարձրացման թեմային:
Նրա խոսքով, ինչպես վարչապետ Փաշինյանն էր ասել` պաշտոնյաների հայտարարագրերում այսպես թե այնպես այդ թվերը դրամ առ դրամ կերևան:
Ավելի վաղ թեմային խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել էր, որ գործընթացն իրականում գաղտնի չի եղել, Ազգային ժողովում 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ այդ հարցը հրապարակայնորեն ներկայացվել է: