տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Հայկազ Գրիգորյան (իրավագիտություն)

Ուսանողը. Հայկազ Գրիգորյան (իրավագիտություն)

1363
0
Հայկազ Գրիգորյան

AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Մեր զրուցակիցը Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Հայկազ Գրիգորյանն է:

Հայկազ Գրիգորյան

Հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ ծնողներն իրենց երեխաների համար ընտրում են իրավաբանի մասնագիտությունը, այսպես ասած՝ պրեստիժից ելնելով: Ձեր դեպքում ասվածը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Այո, ցավոք սրտի, հասարակության մեջ կա նման կարծրացած մտածելակերպ, որը հետագայում իր  բացասական ազդեցությունն է ունենում  երեխայի կարիերայի վրա։ Իմ պարագայում բացակայում է այդ գործոնը, ավելին, ծնողներս ցանկանում էին, որ տնտեսագետի մասնագիտացում ստանամ։ Բայց և այնպես, մանկուց հետաքրքրված եմ եղել իրավաբանությամբ, ինչպես բոլոր երեխաները՝ ես նույնպես սիրել եմ դեդեկտիվ ժանրի ֆիլմեր և գրքեր, որոնք էլ հենց հիմք հանդիսացան, որպեսզի խորությամբ ուսումնասիրեմ իրավաբանություն մասնագիտությունը։

Որո՞նք են այն որակները, որ պետք է ունենա անհատն արհեստավարժ իրավաբան լինելու համար:

Նախևառաջ նշեմ, որ բոլոր մասնագիտություններն են պահանջում մարդկային բարձր որակներ, օրինակ՝ ազնվություն, անկեղծություն, կարեկցանք և աշխատասիրություն։ Ինչ վերաբերում է իրավաբանությանը, ապա, ըստ իս, առաջին դերում պետք է լինի արդարությունը, քանզի հենց իրավաբանի բուն գործառույթն է պայքարել անարդարության դեմ։

Հայկազ Գրիգորյան

Իրավագիտության ֆակուլտետում սովորող ուսանողն ուսումնառության շրջանում ծանրաբեռնվա՞ծ գրաֆիկ է ունենում: Որո՞նք են այն առարկաները, որոնց ռեալիզացումը հատկապես շատ ջանք ու եռանդ է խլում ուսանողից:

Իրականում բավականին ժամանակ և աշխատասիրություն է պահանջվում այս մասնագիտության ուսումնասիրության համար, քանզի գոյություն ունեն իրավունքի տարբեր ճյուղեր, որոնք կարգավորում են տարաբնույթ հասարակական հարաբերություններ, և դրանց միաժամանակյա ուսուցումը բավականի դժվար է։ Իմ կարծիքով՝ բանիմաց իրավաբան լինելու համար անհրաժեշտ է խորությամբ և բազմակողմանի ուսումնասիրել պետության և իրավունքի տեսություն առարկան,  որը հենց ֆունդամենտալ նշանակություն ունի, և դրա վրա է կառուցված ամբողջ իրավական համակարգը։

Ո՞ր ոլորտներում կարող է իրավագիտության ֆակուլտետում սովորող ուսանողը կիրառել իր ստացած տեսական գիտելիքները:

Յուրաքանչյուր ոք ունի իրավունքներ և պարտականություններ, բայց, ցավոք, մեր հասարակության իրավագիտակցության մակարդակը բավականին ցածր է։ Իրավագիտության ֆակուլտետում սովորող ուսանողները բացի բուն մասնագիտական ոլորտներից կարող են իրենց ստացած գիտելիքները ռեալիզացնել բազմաթիվ այլ ոլորտներում, քանի որ յուրաքանչյուր հասարակական հարաբերություն անմիջականորեն կարգավորվում է օրենսդրությամբ։

Հայկազ Գրիգորյան

Եվրոպական համալսարանում քննությունները ուսումնամեթոդական տեսանկյունից արդյունավե՞տ են անցկացվում: Ի՞նչ փոփոխություններ կառաջարկեք կատարել քննական ընթացակարգում:

Եվրոպական համալսարանում կրթության մակարդակը գտնվում է շատ բարձր  դիրքում, որը պայմանավորված է նրանով, որ այնտեղ դասավանդում են ոչ միայն տեսաբաններ, այլ նաև պետական տարբեր համակարգերում աշխատող բազմաթիվ  պրոֆեսիոնալ պրակտիկ դասախոսներ։ Քննություններն անցկացվում են փակ, գաղտնի, գրավոր ընթացակարգով, իսկ ավարտական կուրսերում՝ բանավոր։ Քննությունների անցկացման մեթոդիկայի հետ կապված նշեմ, որ շատ արդյունավետ է, և այդ մասով որևէ փոփոխության կարիք չկա։

Ինչպե՞ս որոշեցիք իրավագիտության ոլորտում բարձրագույն կրթությունը ստանալ հենց Եվրոպական համալսարանում: Ինչպե՞ս նախապատվությունը տվեցիք հենց այդ բուհին:

Եվրոպական համալսարանը իրավաբաններ պատրաստում է դեռևս 2003 թվականից, և այս բուհի իրավաբանները շուկայում մեծ պահանջարկ ունեն։ Ես այս բուհ դիմելիս չեմ երկմտել, ընտրությանս պատճառներից մեկն էլ այն է, որ այն միջպետական բուհ է և  համագործակցում է եվրոպական մի շարք հանրահայտ բուհերի հետ։ ԵՀ-ի դիպլոմն առանց որևէ խոչընդոտի գործում է Եվրոպայում, ինչն արդի ժամանակաշրջանում մեծ նշանակություն ունի։

Հայկազ Գրիգորյան

Ի՞նչ եք կարծում, այն առարկաները, որոնք հանձնել եք համալսարան ընդունվելիս, Ձեր հետագա ուսումնառության ընթացքում օգնե՞լ են Ձեզ:

ԲՈՒՀ ընդունվելիս հանձնել եմ քննություններ հայոց լեզու և պատմություն առարկաներից, որոնք, ըստ իս, ցանկացած անձ պետք է ուսումնասիրի անկախ մասնագիտացումից։

Հայաստանում իրավաբանի համար օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադի՞ր պայման է:

Օտար լեզվի իմացությունը պարտադիր չէ, քանզի օրենսդրությամբ նախատեսված է  դատական թարգմանչի ինստիտուտը։ Բայց միաժամանակ այն ցանկալի է, քանզի  մասնագիտական գրականությունը հայերեն տարբերակով բավականին սակավաթիվ է, ավելի շատ ռուսերեն և անգլերեն է։

Կասե՞ք, թե Հայաստանում որ ոլորտներում կարող է աշխատել իրավագետի կրթություն ստացած անհատը:

Առհասարակ, իրավաբանության մասնագիտությամբ կարելի է աշխատել պետական համակարգի երեք ճյուղերում էլ ՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում։ Հասարակությունը իրավաբան ասելով պատկերացնում է դատական համակարգ, ոստիկանություն, դատախազություն և փաստաբանություն, բայց չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր մասնավոր կազմակերպություն, բանկային համակարգ ունի իրավաբանի հաստիք։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն դիմորդներին, ովքեր ուզում են իրենց կրթությունը շարունակել իրավագիտության ֆակուլտետում:

Իրավագիտության ֆակուլտետի դիմորդներին և ապագա կոլեգաներիս կխնդրեմ և կհորդորեմ, որ նախքան այս մասնագիտությունը ընտրելը հաշվի նստեն իրենց հետ, քանզի լինելով իրավաբան՝ պետք է օրինակ ծառայել և կրել որոշակի սահամնափակումներ, և հիշեք՝ երկրի իրավական համակարգը մենք ենք կերտում։

Օլյա Շահինյան