տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Լիլիթ Հարությունյան (արաբագետ, քաղաքական ժուռնալիստ)

Ուսանողը. Լիլիթ Հարությունյան (արաբագետ, քաղաքական ժուռնալիստ)

848
0
Լիլիթ Հարությունյան

AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ կրթական ծրագրի մագիստրոս Լիլիթ Հարությունյանն է:

Լիլիթ Հարությունյան

Լիլիթ, այն ժամանակ, երբ դեռ չկար ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ՀՀ դիվանագիտական անձնակազմի հիմնական մասը համալրվում էր հենց Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներից: Երբևէ դիվանագետ դառնալու մտադրություն ունեցե՞լ եք:

Պետք է նշեմ, որ այսօր էլ արտաքին գործերի նախարարությունում մեր ֆակուլտետից մեծ թվով շրջանավարտներ են աշխատում։ Կարծում եմ, առաջին կամ երկրորդ կուրսում նման ցանկություն ունեցել եմ, հետո միայն հասկացա, որ ինձ այդ ոլորտում այդքան էլ չեմ պատկերացնում։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում արաբերենից զատ ուրիշ ի՞նչ լեզուներ եք ուսումնասիրել: Ուսումնառության ընթացքում ի՞նչ մեխանիզմներից եք օգտվել, որպեսզի հնարավորինս արագ յուրացնեք այդ լեզուները:

Մոտ մեկ տարվա չափ եբրայերեն սովորեցի, հետո կես կիսամյակ թուրքերեն։ Ցավով պետք է նշեմ, որ ներկայումս երկու լեզուներից էլ գրեթե ոչինչ չեմ հիշում։ Եգիպտոսից վերադառնալուց հետո ավելի շատ կենտրոնացա արաբերենի բարբառների վրա։ Իսկ լեզուն, եթե չես գործածում, արագ մոռանում ես։ Իրականում, արաբերենից հետո այդ լեզուները բավական հեշտ էին, ուստի հատուկ մեխանիզմների կարիք չզգացվեց։ Կարծում եմ՝ պարզապես պետք էր ավելի ջանասիրաբար սովորել։

Լիլիթ, բակալավրում ուսանելու տարիներին շուրջ 8 ամիս հնարավորություն եք ունեցել Եգիպտոսում սովորել: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին:

Մեր բաժնի առավելություններից մեկն ուսումնառության ժամանակ արաբական երկրում արաբերենի դասընթացներին մասնակցելու հնարավորությունն է։ Ինձ բախտ վիճակվեց մեկնել Եգիպտոս, որտեղ մնացի մեկ ուսումնական տարի։ Բացի լեզվին ավելի լավ տիրապետելուց, Եգիպտոսում մնալն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր կրոն, մշակույթ, լեզու, պատմություն ունեցող մարդկանց հետ,  կերտել հիանալի հիշողություններ և, իհարկե, ձեռք բերել լավ ու հարազատ ընկերներ։ Այդ մեկ տարում ավելի սիրեցի մասնագիտությունս և Արևելքն ընդհանրապես։ Այն անվերջ բացահայտելու աշխարհ է։

Լիլիթ Հարությունյան

Կթվարկե՞ք այն ոլորտները, որտեղ կարող է աշխատել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի շրջանավարատը:

Ուզում եմ նշել, որ արևելագիտությունը բավական լայն մասնագիտություն է, իսկ ֆակուլտետում այնպիսի պրոֆեսիոնալ մարդիկ են դասավանդում, որ բացի առարկայական գիտելիքներից, ձեռք ես բերում նաև մի շարք այլ հմտություններ։ Եվ քանի որ ես անմնացորդ սիրահարված եմ իմ ֆակուլտետին ու բաժնին, մի քիչ հպարտությամբ նշեմ, որ արաբագետները կարող են աշխատել շատ տարբեր ոլորտներում՝ դիվանագիտությունն արդեն նշվեց, կարելի է թվարկել նաև թարգմանչական գործը, դասավանդումը և այլն։

Կասե՞ք, թե ինչպես Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտը որոշեց իր մագիստրոսական կրթությունը ՀՀ ՊԿԱ քաղաքական ժուռնալիստիկայի և PR տեխնոլոգիաների բաժնում շարունակել:

Եգիպտոսից վերադառնալուց հետո հստակ որոշել էի, որ կենտրոնանալու եմ Մերձավոր Արևելքի ավելի խոր ուսումնասիրության վրա։ Այդ ուսումնասիրությունն առավել արդյունավետ դարձնելու համար ստացած գիտելիքներիս պետք է ավելացնեի նաև քաղաքագիտական կրթությունը։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելը եղել է դեռահաս տարիքիս երազանքը, ուստի ՊԿԱ այս բաժինը հնարավորություն տվեց համադրել օգտակարը հաճելիի հետ։

Մի փոքր կխոսե՞ք ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ ՀՀ ՊԿԱ-ի միջանկյալ քննությունների անցկացման մեթոդաբանությունից, որպեսզի ապագա դիմորդը հասկանա, թե ինչ է միջանկյալ քննությունը:

Ի տարբերություն ԵՊՀ-ի, Ակադեմիայում ունեինք մեկ միջանկյալ քննություն։ Կարծում եմ, որ միջանկյալ քննությունները հիանալի հնարավորություն են՝ ամփոփելու տվյալ հատվածի գիտելիքները։ Դրանք ավելի են հեշտացնում ամփոփիչ քննությանը նախապատրաստվելը։ Մեթոդաբանությունը տարբեր էր այնքանով, որ Ակադեիայում դրանք անցկացվում էին հիմնականում բանավոր կամ գործնական աշխատանքների տեսքով։

Ի՞նչ խորհուրդ կտաք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ապագա դիմորդներին: Ինչպե՞ս նրանք կարող են կողմնորոշվել նախապատվությունը արաբագիտությանը, իրանագիտությանը, թյուրքագիտությանը տալու հարցում:

Նախապատվությունը պետք է տալ միանշանակ արաբագիտությանը։ Իսկ եթե ավելի լուրջ՝ ապագա դիմորդներին պետք է ասեմ, որ ընդունվում են հրաշալի մի ֆակուլտետ, ու վստահաբար կարող եմ ասել, որ ստանալու են փայլուն կրթություն՝ անկախ նրանից որ բաժին կընդունվեն։ Կարծում եմ, պետք է կողմնորոշվել՝ հաշվի առնելով սեփական նախասիրությունները և թե ինչպես են պատկերացնում իրենց ապագան, ու որ ամենակարևորն է, հասկանան, թե ինչպես են ստացած կրթությունն ի նպաստ դնելու հայրենիքին։

Լիլիթ Հարությունյան

Լիլիթ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ ընդունվելիս դիմորդները հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն, օտար լեզու առարկաներից են քննություն հանձնում: Ի՞նչ եք կարծում, այս առարկաների իմացությունն ուսանողին ֆակուլտետում հետագա ուսումնառության ընթացքում օգնու՞մ է: Եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր փոփոխություն կատարել այդ առարկայացանկում, ի՞նչ առարկաներ կավելացնեիք կամ որոնք կհանեիք:

Միանշանակ երեք առարկաներն էլ օգնում են։ Կարծում եմ հայերենի կարևորության մասին խոսելու հարկ չկա։ Նույնը կարող եմ ասել նաև հայոց պատմության համար․ առանց սեփական լեզուն ու պատմությունն իմանալու, ուղղակի անիմաստ է օտարինը սովորելը։ Պետք է նախ իմանալ և արժեվորել սեփականը, հետո արդեն ուսումնասիրել օտար լեզուն ու պատմությունը։ Ժամանակակից գլոբալացվող աշխարհում անգլերենին տիրապետելը դարձել է կարևոր հրամայական։ Ուստի երեք առարկաների իմացությունն էլ շատ կարևոր է։ Կարծում եմ՝ փոփոխություններ չէի կատարի։

Ի՞նչ խորհուր կտաք այն ուսանողներին, որոնք ուզում են իրենց մագիստրոսական կրթությունը ՀՀ ՊԿԱ-ում շարունակել:

Պետք է զինվել համբերությամբ և պատրաստ լինել ուսումնառության խիստ, բայց հետաքրքիր և արդյունավետ գործընթացին։

Լիլիթ Հարությունյան

Մի փոքր կխոսե՞ք Ձեր կառավարչական պրակտիկայի մասին:

Ունեցել եմ երկու պրակտիկա՝ ԿԳՄՍՆ-ում և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, որտեղ պարկտիկան անցնում էի թեզիս շրջանակներում։ Երկու պրակտիկաներն էլ եղել են շատ արդյունավետ և նպաստել են ուսումնառությանս։ Կարծում եմ, պրակտիկաների այս մեթոդը հիանալի հնարավորություն է ուսանողի համար՝ կիրառելու ստացած գիտելիքները, ինչպես նաև ստանալու նորերն ու որոշակի փորձ ձեռք բերելու։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել երկու նախարարությունների աշխատակիցներին՝ հոգատար վերաբերմունքի համար։

Օլյա Շահինյան