AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
Մեր զրուցակիցը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվի և ռուս գրականության բաժնի շրջանավարտ (բակալավր), մագիստրանտ Արուսյակ Եսայանն է:
Արուսյակ, հնուց եկած կարծրատիպ կա, որ մանկավարժի գործն անշնորհակալ է: Ինչպե՞ս որոշեցիք ԵՊՀ-ում ռուս բանասիրություն և մանկավարժություն սովորել:
Ինքս միշտ շատ սիրել եմ իմ ուսուցիչներին և շատ եմ զարմացել, երբ փոքր ժամանակ լսել եմ այդ արտահայտությունը: Հետո, երբ մեծացա և հասկացա, որ ոչ բոլորն են ինձ պես սիրում և այդչափ կարևորում ուսուցչի դերը կյանքում, հասկացա, որ ճիշտ է ասված, բայց դա ինձ չի խանգարել, որ ես ընտրեմ հենց մանկավարժի մասնագիտությունը: Միշտ ուզել եմ հենց դասատու լինել:
Ավագ սերնդի ներկայացուցիչները, հատկապես, կփաստեն, որ երիտասարդ սերունդն օտար լեզուներից նախապատվությունը տալիս է անգլերենին: Ի՞նչ եք կարծում, ռուսաց լեզուն այսօր նահա՞նջ է ապրում:
Հիմա, ցավոք, ռուսաց լեզուն այդքան էլ միջազգային չէ, և, այո, իրոք, անգլերեն լեզվին ավելի շատ են նախապատվություն տալիս, բայց մեկ է, չեմ կարծում, որ ռուսերենը կմոռացվի՝ հատկապես Հայաստանում: Եվ շատ ուրախ եմ, որ այն դպրոցում, որտեղ աշխատում եմ, շատ կան ռուսալեզու երեխաներ և շատ սիրում են հենց ռուսաց լեզուն:
ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության բաժնում ռուսերենից զատ ուրիշ ի՞նչ լեզուներ են ուսումնասիրում:
Մեր ֆակուլտետում բացի ռուսերենից դասավանդվում է անգլերեն, լատիներեն, լեհերեն, իսկ չեխերենն ու բուլղարերենն՝ ըստ ցանկության:
Ի՞նչ խորհուրդ կտաք այն դիմորդներին, ովքեր ուզում են ռուս բանաստիրության ֆակուլտետ ընդունվել:
Այս հարցը շատ լավն է: Ամենակարևորը՝ այս բաժին ընդունվելիս իմանան լեզուն, սովորեն ու ուսումնասիրեն այն՝ նախքան ընդունվելը: Միայն սիրելով կամ բախտի բերմամբ՝ այստեղ սովորել չի կարելի, որովհետև քո սովորածի որակից է կախված գալիք սերունդների լեզվի իմացության որակը:
Ռուս և արտասահմանյան գրականության ցանկն ուսումնառության տարիներին հասցրե՞լ եք ամբողջությամբ ընթերցել:
Արտասահմանյան գրականությունը չեմ ասի, թե ամբողջությամբ ընթերցել եմ: Սիրում եմ կարդալ այն, ինչն ինձ հետաքրքրում է, իմ նախասիրություններին համապատասխան է: Բայց կան պարտադիր գործեր, որոնք բանասերը չի կարող ուղղակի չկարդալ:
Ուսումնառության շրջանում եղե՞լ են առարկաներ, որոնց բովանդակությունից գրեթե ոչինչ չեք հիշում:
Հնարավոր է, որ լինեն այդպիսիք: Ինչպես յուրաքանչյուր ուսանող, այդպես էլ ես, ունեցել եմ սիրելի և ոչ սիրելի առարկաներ, և իհարկե խիստ մասնագիտական շարքից չէին դրանք:
Ֆակուլտետը ձեզ ուսումը դրսում շարունակելու հնարավորություն ընձեռո՞ւմ է:
Չեմ մտածել այդ մասին, երբեք չեմ ուզենա ապրել ուրիշ երկրում և այնտեղ սովորել: Ունեցել եմ և ունեմ հնարավորություն՝ դրսում սովորելու և ապրելու, բայց դրա ցանկությունը չունեմ: Իսկ, ընդհանրապես, ֆակուլտետն ուսումը դրսում շարունակելու հնարավորություն ընձեռում է:
Ընդհանուր առմամբ, գո՞հ եք ֆակուլտետի ուսումնամեթոդական մոտեցումներից:
Ուսանողական կյաքս և բուհի հետ կապված հիշողություններս այնքան լավն են, որ ինչ-որ բան փոխելու մասին երբեք չեմ մտածել: Երևի թե, ավելի շատ գոհ եմ, քան դժգոհ: Բայց, իհարկե կան բաներ, որ կուզեի փոխել:
Դուք անձամբ կո՞ղմ եք բուհում միջանկյալների անցկացմանը:
Ես կողմ եմ, որ միջանկյալ ստուգումներ լինեն, բայց դրանց ֆորմատն իմ կարծիքով՝ մեր բուհում պետք է փոխվի:
Օլյա Շահինյան