AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Արաքսյա Գրիգորյանն է:
Արաքսյա, հասարակության մեջ տարածված կարծրատիպ կա, որ Բժշկական համալսարան ընդունվելը հեշտ է, իսկ այնտեղ սովորելը՝ բարդ: Կասե՞ք, թե տարածված կարծիքը որքանով է համապատասխանում իրականությանը:
Ճիշտ է, սովորելը ավելի բարդ է, սակայն, եթե սիրում ես ընտրածդ մասնագիտությունը, ապա կսիրես նաև քեզ հանդիպող բոլոր դժվարությունները և պատվով կհաղթահարես դրանք:
Բժշկական համալսարանի ուսանողը կարո՞ղ է իրեն թույլ տալ միաժամանակ սովորել և աշխատել:
Այո, կարող է համատեղել, ինքս որպես նկարչուհի էի աշխատում:
Ի վերջո, ատամնաբույժները բժիշկնե՞ր են: Ուսումնառության ընթացքում ստոմատոլագիայի ֆակուլտետի ուսանողները բժշկին բնորոշ հմտություններ ձեռք բերո՞ւմ են:
Իհարկե, մենք ուսումնասիրել ենք բոլոր օրգանները, եղել ենք տարբեր հիվանդանոցներում, տեսել ենք տարբեր վիրահատություններ՝ սկսած ոտքի ամպուտացիայից մինչև քթի ռինոպլաստիկա:
Մի փոքր կպատմե՞ք Ձեր համալսարանական պրակտիկայի մասին: Պրակտիկայի ժամանակ ապագա ստոմատոլոգն իր մասնագիտական անհրաժեշտ հմտություններին տիրապետո՞ւմ է:
Համալսարանը հնարավորություն է տալիս սովորել էնդոդոնտիա, անզգայացում, ատամի հեռացում, կար դնել և այլն, սակայն լավ բժիշկ լինելու համար ինքներս մեզ վրա պետք է շատ աշխատենք և բազում հմտություններ սովորենք:
Արաքսյա, ի՞նչ եք կարծում, մեր ապագա բժիշկները հավուր պատշաճի տիրապետո՞ւմ են օտար լեզվին: Արդյոք բժիշկների համար նույնպես օտար լեզվի իմացությունն անխուսափելի հրամայական է դարձել:
Ինքս, զգալով լեզուների անհրաժեշտությունը՝ յուրացրեցի ռուսերենն ու անգլերենը, որպեսզի կարողանամ կարդալ օտարալեզու գրականություն, նորանոր գիտելիքներ ձեռք բերեմ:
Մի փոքր կխոսե՞ք ԵՊԲՀ-ում քննությունների անցկացման ընթացակարգից:
Դրանք անցկացվում են խստագույն ձևով` համակարգիչների առջև, մի խումբ հսկիչների հսկողությամբ, իսկ բանավոր քննությունները անցկացնում են մեր դասախոսները, փոխդեկանները, ամբիոնի վարիչները, դեկանը նույնպես ունենում է մասնակցություն:
ԵՊԲՀ-ում հատկապես ո՞ր առարկաները պետք է լավ յուրացնի ապագա ատամնաբույժը:
Բոլոր առարկաները կարևոր են, սակայն շեշտը պետք է դնել թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական ստոմատոլոգիա առարկաների վրա:
Արաքսյա, խորհրդային տարիներին ԵՊԲՀ-ում սովորելու համար դիմորդները քննություն էին հանձնում կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից և հայոց լեզվից: Այսօր միայն բնագիտական երկու առարկաներից են նրանք քննություն հանձնում: Ի՞նչ եք կարծում, գործող մեխանիզմն արդարացնո՞ւմ է իրեն: Ի վերջո, երեք բնագիտական առարկաներից ո՞րն է ավելի շատ օգնում ապագա բժշկին:
Արդարացնում է, քանի որ նշված բոլոր առարկաները ուսուցանվում է ԵՊԲՀ-ում, իսկ ընդունվելու համար խորհուրդ կտամ ընտրել քիմիա և կենսաբանություն առարկաները:
Արաքսյա, ըստ Ձեզ, ԵՊԲՀ ուսանողների քանի՞ տոկոսն է հետագայում իրենց մասնագիտությամբ աշխատում:
Դժվարանում եմ ասել, սակայն, կարծում եմ, այդ տոկոսը մեծ է:
Որպես ԵՊԲՀ շրջանավարտ, ի՞նչ խորհուրդներ կտաք ապագա ատամնաբույժներին:
Երբևէ չհանձնվեք, շատ կարդացեք, գիտելիքը ձեր հաջողության գրավականն է:
Օլյա Շահինյան