տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Ասատուր Գալոյան (իրավաբան)

Ուսանողը. Ասատուր Գալոյան (իրավաբան)

1003
0
Ասատուր Գալոյան

AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) իրավագիտության ամբիոնի մագիստրոս Ասատուր Գալոյանն է:

Ասատուր Գալոյան

Ասատուր, կասե՞ք, թե ինչպես ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը: Լավ իրավաբան լինելու համար անհատը, նախ և առաջ, ի՞նչ առաջնային հատկանիշներ պետք է ունենա:

Մասնագիտությունս ընտրել եմ դեռ փոքրուց։ Փոքր տարիքից ատելի է այն միջավայրը, ուր իշխում է անարդարությունը։ Իմ հոգեբանության պատճառով ընտրեցի իրավագետի մասնագիտությունը, քանի որ հենց իրավագիտությունն ինքն իրենով ստեղծում է զսպումներ և տալիս մեխանիզմներ, որոնցով պետք է պայքարել անարդարության կամ խախտված իրավունքի դեմ։ Ինձ համար անընդունելի է անարդարությունը իր բոլոր դրսևորումներով։ Թե ինչպիսի իրավաբան պետք է լինել՝ նշեմ, որ ուսանողական տարիներին լինում են պահեր, երբ անձի կարևոր արժեքների (ինչպիսիք են՝ արդարությունը, անկողմնապահությունը) վրա որոշակի երևույթները կարող են ազդեցություն ունենալ, բայց կարևոր է մեկ առաջնային հանգամանք ՝ պարտությունը միգուցե ազդի էլ այդ օրվա տրամադրության վրա, բայց արդար լինելը չպետք է դրվի կասկածի տակ։

ՀՊՄՀ-ում իրավագիտության ուսուցման ընթացակարգից մի փոքր կխոսե՞ք, Մանկավարժական համալսարանն ավարտած ապագա իրավագետները ո՞ր ոլորտներում կարող են ծավալել իրենց գործունեությունը:

Բակալավրիատս ավարտեցի ՀՊՄՀ-ի իրավագիտության բաժնում։ Ինչ խոսք, այնտեղ դասաժամերի հետ կապված կար ծանրաբեռնվածություն։ Կարծում եմ, կային դասաժամեր, որոնք ուղղակի իրավագիտության բաժնում սովորող ուսանողի համար արդիական չէին։ Իսկ իրավունքի դասաժամերի մեջ կարող եմ հստակ փաստել՝ այնտեղ ձեռք բերեցի այնպիսի գիտելիքներ, որոնք մինչ այժմ ինձ համար, որպես իրավաբանի, կարևոր են, և այդ դասաժամերը դարձել են կայուն հիմք։ Իսկ ովքեր ավարտել են նույն բաժինը,  ներկայումս զբաղեցնում են պետական պաշտոններ, ինչպես նաև ստանալով իրավաբանի բարձրագույն որակավորում ՝ իրենց գործունեությունն են ծավալում մասնավոր ոլորտում։

Ինչպե՞ս որոշեցիք Ձեր մագիստրոսական կրթությունը ստանալ ՀՀ ՊԿԱ-ում: Ձեր կարծիքով՝ այլ բազային կրթություն ունեցող ուսանողները ՀՀ ՊԿԱ Իրավագիտության բաժին ընդունվելով նո՞ւյնպես կարող են մրցունակ իրավաբաններ դառնալ:

Կրթությունս շարունակելու հարցում փնտրտունքներ մեջ էի ՝ չէի կողմնորոշվում, որտեղ արժի մագիստրատուրա շարունակել։ ՊԿԱ-ի մասին լսեցի ընկերներիցս, ովքեր սովորել էին այնտեղ։ ՊԿԱ-ի հաճելի միջավայրը, աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, որի մասին են խոսում նրա շրջանավարտների արդյունքները, որոնք ավարտելուց հետո գտնում են իրենց տեղը պետական համակարգում և առանձնապես պետական բարձր պաշտոններում։ Մրցունակ իրավաբան լինելու համար նախ պետք է ունենալ համահունչ մտածողություն, արագ կողմնորոշվելու ընդունակություն, որը իրավաբանի համար կարևոր հատկանիշ է։ Եվ եթե բազային այլ կրթություն ունեցող անձը ինքն իրեն տեսնում է որպես իրավաբան, ուրեմն ողջունելի քայլ է, բայց խորհուրդս է՝  հեշտ չի լինելու։

Ասատուր Գալոյան

Կասե՞ք, թե հատկապես իրավունքի որ ճյուղերն են մանրամասն ուսումնասիրում ՀՀ ՊԿԱ Իրավագիտություն կրթական ծրագրի մագիստրանտները:

Իրավագիտության կրթական ծրագրի մագիստրանտները մանրամասն  ուսումասիրում են քաղաքացիական իրավունքը, որտեղ կարևոր է առանձնացնել Իրավագիտության ամբիոնի վարիչ պարոն Եզեկյանի դասաժամերը։ Սեմինարների և յուրաքանչյուր դասաժամի ընթացքում մասնագիտական խնդիրների լուծումն հանգեցնում էր տվյալ թեմայի սերտ յուրացմանը։ Սահմանադրական իրավունք, ուր պետք է նշել պարոն Դանիելյանի դասաժամերը։ Պարոն Դանիելյանի դասախոսությունները նվիրված էին ոչ միայն սահամանդրական իրավունքին, այլև իրավագիտության մեջ առկա այն խնդիրների բարձրացմանը, դրանց ողջամիտ լուծում առաջարկելուն, ինչը պարոն Դանիելյանը անում էր հաճույքով և իր տարիների փորձով կիսվում ապագա սերնդի հետ։

Կխոսե՞ք մի փոքր ինչպես կառավարչական, այնպես էլ գիտահետազոտական պրակտիկայի մասին: Ո՞ր գերատեսչություններում ենք անցել Ձեր պրակտիկան: Ի՞նչ նկատառումներ եք կատարել այդ ընթացքում:

ՊԿԱ-ում կա պրակտիկայի երկու շրջան։ Առաջինը գիտահետազոտական պրակտիկան է, որն անցել եմ Սահամանադրական դատարանի՝ իրավական ակտերի փորձագիտական-վերլուծական բաժնում։ Բավականին հագեցած պրակտիկա էր, որը, կարծում եմ, ունեցավ իր դրական արդյունքը մասնագիտական գիտելիքների հարստացման գործում։ Հաջորդը երկրորդ կուրսում է՝ կառավարչական պրակտիկա, որն անցել եմ Արդարադատության իրավական փոխօգնության բաժնում։ Այստեղ արդեն ինքս եմ կատարել այն աշխատանքը, որն առաջարկվել է պրակտիկայի ղեկավարի կողմից։ Երկու պրակտիկաները խստորեն հսկվում են Ակադեմիայի համպատասխան աշխատակազմի կողմից։

Թե՛ գիտահետազոտական, թե՛ կառավարչական պրակտիկաների ժամանակ հանդիպել ենք իրավական ակտերի միջև եղած հակասություններին, դրանց լուծման համար ես նկատառումներ եմ ունեցել, որոնց մասին հայտնել եմ մասնագետներին։

Կասե՞ք, թե հատկապես որ ուղղությամբ սովորած ուսանողների համար նպատակահարմար կլինի իրավագիտության մագիստրոսի կոչման մասին մտածել: Խոսքս վերաբերում է այն անձանց, ովքեր ցանկանում են որպես երկրորդ մասնագիտություն իրավագիտությունն ընտրել:

Կարծում եմ, առավել նապատակահարմար կլինի տնտեսագետին և քաղաքագետին։ Քանզի տնտեսագետի մասնագիտություն ունեցողը մրցունակ իրավաբան կամ տնտեսագետ կլինի, երբ տիրապետի նաև իրավունքին և օրենքներին փոխահարաբերվելու կանոններին։ Իսկ քաղաքագետի համար, կարծում եմ, ունենալ իրավագետի կոչում՝ սա մեկ քայլ է դեպի հաջողություն, որը նա կծավալի իր մասնագիտական գործունեության ընթացքում։ Բայց առավել հաճախ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավագիտությամբ հետաքրքրված են մասնագիտությամբ լրագրողները, պատմաբանները, ինչպես նաև հանրային կառավարում մասնագիտությամբ ուսանողները։ Ինչը, կարծում եմ, ողջունելի քայլ է, քանի որ այն  հասարակության մեջ սկսում է  արմատավորել բարձր իրավագիտակցություն։

Կասե՞ք՝ իրավագիտության ուղղությամբ սովորած ուսանողը մեր օրերում հեշտությա՞մբ է աշխատաշուկայում իր որակավորմանը համապատասխան աշխատանք գտնում: Անձամբ Դուք աշխատանք որոնելու ընթացքում դժվարությունների հանդիպե՞լ եք:

Մեր երկրում բարդ խնդիր կա կրթություն և աշխատաշուկա փոխհարաբերություններում։ Դժվար է համապատասխան որակավորմամբ գտնել աշխատանք, ինչը, իմ խորին համոզմամբ, կախված է կրթության ոլորտում առկա բարդություններից, որը պահանջում է հսկայածավալ աշխատանք և որի կատարումն  համահունչ կդարձնի կրթությունը աշխատաշուկային։ Իրավաբանի մասնագիտությամբ անձի համար դժվարություն է այն, որ այսօր մեր երկրում մեծ է տվյալ մասնագիտությամբ ուսանողների կամ հենց արդեն ավարտածների թիվը, որը աշխատաշուկայում առաջացանում է մեծ մրցակցություն։ Ինքս աշխատանքի փնտրտունքներ ունեցել եմ և մեկ բան կարող եմ արձանագրել. այն պահանջները, որոնք դրվում են գործատուի կողմից նոր ավարտած ուսանողի առջև, դրանք ԲՈւՀ-ը չի կատարում, այսինքն՝ չի տալիս աշխատաշուկային համապատասխան կրթություն։

Ի վերջո, իրավագետի մասնագիտությունն ունի՞ գենդերային կողմնորոշում: Արական, թե՞ իգական սեռերի ներկայացուցիչներն են ավելի շատ հավակնում լավ իրավաբան լինելու կոչմանը:

Չեմ կարծում։ Եվ առավելապես իրավագիտության մեջ նման տարբերակում դնելը, ըստ իս, անիրատեսական է։ Այո՛, կան երկրներ, որտեղ սահմանափակված են իգական սեռի ներկայացուցիչների իրավունքները, օրինակ, մասնագիտության ընտրության հարցում, բայց  21-րդ դարում բոլորը պետք է ազատ լինեն իրենց որոշումների մեջ։ Եվ մասնագիտության հարցում ևս սահմանափակում չպետք է լինի, ու կարծում եմ ՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, նման խտրականություն չկա։

Ասատուր Գալոյան

Կխոսե՞ք ՀՊՄՀ-ում և ՀՀ ՊԿԱ-ում քննությունների և միջանկայլ ստուգումների անցկացման ընթացակարգից: Որո՞նք են երկու բուհերի միջև առկա հիմնական տարբերությունները:

ՀՊՄՀ-ում գոյություն ունի երկու և վերջնական բանավոր քննություն։ Ի տարբերություն ՀՊՄՀ-ի, ՊԿԱ-ում մեկ միջանկյալ է և մեկ բանավոր։ Այստեղ շատ դեպքերում ուսանողների կողմից լինում է դժգոհություն մեկ միջանկյալի պատճառով, բայց իմ համոզմամբ՝ սա արդեն կապված է ՊԿԱ-ի առանձնահատկության հետ, քանի որ այնտեղ բակալավրիատ ուսումնական ծրագիրը չկա։

Ձեր կարծիքով, իրավաբանի համար օտար լեզվի իմացությունը համապարտադի՞ր է։

Միանգամայն կարևոր է։ Ինքս տիրապետում եմ ռուսերենին և գերմաներենին, բայց կարծում եմ ՝ այստեղ պետք է ավելանա նաև անգլերենը, քանի որ իրավաբանը իր մասնագիտական ունակությունների հարստացման գործում շատ դեպքերում կարիք է ունենում ուսումանասիրելու արտասահմանյան երկրների փորձը, նրանց իրավական համակարգը։ Այդ պատճառով խրախուսելի է տիրապետել օտար լեզուների։

Օլյա Շահինյան