ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոսեց 0-18 տարեկան անձանց հիվանդանոցային անվճար բուժման մասին: Նախարարը հավաստիացրեց, որ պետբյուջեից գումար հատկացրել են՝ հաշվի առնելով բարձր դիմելիությունը:
Գալիք տարվա բյուջեում հիվանդանոցային անվճար բուժման համար հատկացրել են 2.5 միլիարդ դրամ:
Արդյոք հնարավոր է շահառուները տարվա կեսից չօգտվեն ծրագրից, քանի որ գումարը վերջացել է: Ի պատասխան վարչապետի այս հարցի նախարար Արսեն Թորոսյանը բացառեց դա:
Նախարարը խոսեց նաև սրտի ստենտավորման եւ ուղեղի կաթվածի ծրագրի մասին: Արսեն Թորոսյանը հիշեցրեց՝ ուղեղի կաթվածի ծրագիրն աշխատում է այս տարվանից: «200 մլն տարվա սկզբին ենք դրել, եւս 250 մլն դրամ ենք տալու տարվա վերջում»,- մանրամասնեց նա:
Ուղեղի կաթվածի ծրագիրն իրականացվում է երկու հիվանդանոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ում եւ «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում: «Այս տարվա օգոստոսին ուղեղի կաթվածով 212 դեպք ենք ունեցել: Ծախսել ենք 350 մլն դրամ: 212 հիվանդից 182 հիվանդի լիարժեք կյանքի ենք վերադարձրել»,- մանրամասնեց նախարարը: