տուն Հասարակություն Առողջապահություն Ուղեկցող հիվանդություններն այնքան շատ էին, ու այսօր ինքը տանն է` մեր օգնությամբ....

Ուղեկցող հիվանդություններն այնքան շատ էին, ու այսօր ինքը տանն է` մեր օգնությամբ. բառացիկ հարցազրույց «Նորք» ինֆեկցիոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գայանե Հովհաննիսյանի հետ

717
0

Կանացի, նուրբ ու գեղեցիկ: Ահա այսպես կբնութագրեն թերևս բոլոր նրանք, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել են ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության նախկին պետ, պահեստազորի գնդապետ, այժմ՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գայանե Հովհաննիսյանին։

Պետք է խոստովանել, որ այս գեղեցիկ կնոջ ներսում թաքնված է ուժեղ, կամային ու պայքարող զինվորականը, որը, շուրջ քառորդ դար ծառայելով, այս օրհասական պահին էլ կրկին առաջանագծում է իր գործընկերների հետ. «Այս շրջանը կարելի է ինչ-որ պատերազմական իրավիճակի հետ համեմատել, և պատերազմող առաջնագիծը հիմա զբաղեցնում են բժիշկներն ու բուժաշխատողները: Փառք Աստծո, նրանք կարողանում են իրենց գործը պատվով կատարել: Դրա մասին են վկայում բավականին թվով առողջացած հիվանդների փաստերը: Մեկ ամսից մի քիչ ավելի է մեր փորձը` այս հիվանդության հետ կապված, բայց արդեն սկսել ենք ճանաչել, ունենք որոշակի փորձառություն, և մեր պայքարը հիվանդության դեմ ստացվում է»:

Զինվորականի բարդ ու պատասխանատու ճանապարհը թրծել է բժշկուհուն: Շուրջ մեկ ամիս կլինի, որ թողել է տունը, ամուսնուն, անչափահաս երեխաներին և առանց մի վայրկյան իսկ մտածելու անցել է արտակարգ ռեժիմով ծառայության: Չնայած դժվարություններին՝ նախկին զինվորական Գայանե Հովհաննիսյանը չի տրտնջում. «Մարտի 24-ից արտակարգ ռեժիմով եմ աշխատել: Գիտեք, որ ես «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգն եմ: Երբ ինձ դիմեցին, որ այս ընթացքում ղեկավարեմ «Նորք» ինֆեկցիոնի ռեանիմացիոն ծառայությունը, ես ոչ մի վայրկյան  չեմ մտածել, թե կարող եմ հրաժարվել: Չնայած իմ շրջապատում շատերն են ասում, թե կարող էիր հրաժարվել, ինչու չարեցիր, անչափահաս երեխաներ ունես, ընտանիք և այլն: Բայց պատկերացրեք՝ նույնիսկ իմ տղան, երբ ես տուն գնացի իրերս  հավաքելու, ասաց, որ ոչ մի վայրկյան չի կասկածել, որ ես այս քայլին կգնամ, և  սպասում էր, որ չեմ նստի տանը` այս պայքարին կմասնակցեմ:

Այնպես որ՝ ինքս ինձ չէի հարգի, եթե իմ լուման չունենայի այս պայքարում: Ես մինչև հոգուս խորքը զինվորական բժիշկ եմ: Կապ չունի, որ արդեն պահեստազորի սպա եմ, բայց միևնույն է, որպես բժիշկ՝ իմ վարքագիծը միշտ եղել է որպես զինվորական բժշկի: Քսանհինգ տարին քիչ չէ: Ես եղել եմ զինված ուժերում, և այդ տարիները հենց այնպես չեն անցել: Ծառայությունը հետք է թողել և մտածելակերպիս, և աշխատանքային վարքագծիս վրա»:

Բժշկուհի Հովհաննիսյանը թագավարակի կայծակնային արագությամբ տարածման, խուճապի և դժվարությունների մասին խոսելիս ասում է, որ իրենք պատրաստակամ են ցանկացած հիվանդության դեմ պայքարել և փրկել մարդկային կյանքեր, քանի որ հիվանդանոցում հայտնված մարդու համար բժիշկը դառնում է ամենահարազատն  այդ պահին. «Բավականին բարձր  մակարդակի աշխատանք են կատարել իմ գործընկերները: Այստեղ ոչ մեկը վայրկյան անգամ չի մտածում այն մասին՝ արդյոք ինքը ճիշտ որոշում է ընդունել աստեղ գտնվելով, թե ոչ: Մենք մեր գործն ենք անում և վերջ:

Բայց մի բան էլ կուզեի նշել:Երբ մարդիկ գալիս են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և այստեղ են իմանում իրենց հիվանդության մասին՝ մի տեսակ հայտնվում են մենակության մեջ. դուռը նրանց հետևից փակվում է,  և հիվանդները հնարավորություն չեն ունենում իրենց հարազատների հետ հանդիպելու, մինչև չառողջանան: Ահա այստեղ բուժաշխատողների դերը շատ-շատ մեծ է. չեք պատկերացնի՝ ինչ է կատարվում այդ ժամանակ, և բուժաշխատողը դառնում է հիվանդի ամենահարազատ մարդը: Ու փառք Աստծո, մեր բուժաշխատողները` մայրապետից մինչև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, կարողանում են այդ ծանր բեռն իրենց վրա վերցնել ու պատվով տանել՝ անընդհատ գտնվելով հիվանդների կողքին, անընդհատ քաջալերելով, անընդհատ հարազատի նման խնամելով և ոտքի կանգնեցնելով նրանց»:

Խոսելով բժիշկների ու բուժաշխատողների հոգատար վերաբերմունքի մասին՝ Գայանե Հովհաննիսյանը պատմում է նաև հասարակության դրական արձագանքի մասին, երբ բոլորովին անծանոթ մարդիկ հայտնվում են բժշկի կողքին. «Պետք է առանձնահատուկ նշեմ, որ մենք էլ մեր հանդեպ ենք զգում ժողովրդի հոգատարությունը:  Տեսնում ենք, որ արժևորվում է բժշկի դերը, և կարծում եմ՝ ամեն ինչ օրինաչափ է, քանի որ այսօր առաջնագծում բժիշկներն են: Եվ եթե այդ հոգատարությունը բժիշկների ու բուժաշխատողների հանդեպ չլինի, ապա  մենք էլ կարող ենք թևաթափ լինել, դա մեզ շատ ոգևորում է: Օրինակ՝ հյուրանոցներ կան, որ մեզ հյուրընկալում են, որպեսզի մենք մեր հարազատներին վտանգի տակ չդնենք: Մեր սննդի մասին հոգում են բոլորովին օտար մարդիկ: Հիշում եմ, մի օր ալյումինե տարայի մեջ սնունդ բերեցին: Անգամ չէինք կարողանում տարան բացել, որովհետև շատ էինք հուզվել այդ պահին:  Տարայի վրա ֆլոմաստերով գրված էր՝ «Բարի ախորժակ, հերոս»: Ավելին, ասեմ, որ հոգատարությունը հասարակության կողմից  զգում ենք ամեն օր:

Եվ ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ բժիշկները միշտ են եղել առաջնագծում և լավ է, որ հիմա մարդիկ գիտակցում են բժշկի կատարած աշխատանքի գինը: Անկախ պայմաններից, բժիշկներն ու բուժաշխատողներն իրենց առաքելությունը կատարում են, և  կապ չունի, թե ինչ հիվանդության դեմ են պայքարում՝ դա կլինի պատերազմական իրավիճակ, որտեղ վիրավորներն են շատ, թե նման իրավիճակ, երբ ստիպված ես լինում պայքարել անտեսանելի թշնամու դեմ, ինչպիսին վիրուսն է»:

Ռիսկային գոտում գտնվող մարդկանց մասին բժշկուհին պատմում է, որ եղել են դեպքեր, երբ փրկել են անգամ խիստ ծանր վիճակում գտնվող հիվանդին. «Ունեցել ենք մի այսպիսի դեպք, երբ ուղեկցող հիվանդություններն այնքան շատ են եղել, որ նույնիսկ մի քանի տողի վրա չէր տեղավորվում: Տարիքային բարձր խմբում գտնվող մեր հիվանդն ուներ յոթ ստենդ սրտում,  շաքարային դիաբետ, ուներ արտերիալ հիպերտենզիա, երիկամների քրոնիկական անբավարարություն և երկկողմանի թոքաբորբ՝ կովիդով պայմանավորված, նաև շնչական անբավարարություն: Պատկերացնում եք այդ հիվանդի վիճակը: Ու այսօր ինքը տանն է` մեր օգնությամբ: Կրողացանք թոքաբորբը բուժել և ուղարկեցինք բազմապրոֆիլ հիվանդանոց, որտեղ իր մնացած հիվանդություններով կարող էին զբաղվել, և իմացանք, որ օրերս դուրս է գրվել և այժմ տանն է»:

Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը հասարակությանը հորդորում է ականջալուր լինել հնչող բոլոր կոչերին և պահպանել կարանտինը, իսկ իր գործընկերներին առողջություն է մաղթում, որպեսզի կարողանան շարունակել մարդկային կյանքեր փրկել. «Պետք է հասարակությունը գիտակցի, որ իրենից շատ բան է կախված: Այն կոչերը, որ մենք անում ենք, թե՝ մնացեք տանը, կարանտինը պահպանեք, դրանք լոկ խոսքեր չեն: Ուղղակի պետք է ժամանակ տրամադրվի  բժիշկներին, պետք  է օգնեք բժիշկներին, որպեսզի կարողանանք եղած հիվանդներով զբաղվել: Եթե խախտենք կարանտինի պայմանները, եթե նորից նույն ձևով վարվենք և չպահպանենք կանոնները, ապա հիվանդների քանակն այնքան կլինի, որ արդեն բժիշկներն էլ չեն հասցնի մարդկանց օգնել:

Այս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհի առողջապահական համակարգը կռվում է «Կովիդ» տեսակի չարիքի դեմ, ես իմ բոլոր գործընկերներին նախ և առաջ ամուր առողջություն եմ ցանկանում, ուժ և տոկունություն, որպեսզի կարողանան հաղթահարել հոգնածությունը, հիվանդության դեմ պայքարի ժամանակ ծառացած բոլոր խնդիրները, որպեսզի շարունակենք մեր առաքելությունը`օգնենք մարդկանց»:

Լուսանկարները՝ Գայանե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

Հայկ Մագոյան