ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, չունի ռազմական տեխնիկա կամ հետախուզական միջոցներ, որպեսզի օգնություն ցուցաբերի Ուկրաինային։ Այդ ամենը պատկանում է կազմակերպության անդամ երկրներին։ Այս մասին ասել է, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստվո՞ւմ է օգնել Ուկրաինային։
«Թույլ տվեք հիշեցնել, որ ՆԱՏՕ-ն չունի ռազմական տեխնիկա։ ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, չունի նաև հետախուզական ծառայություն։ Մենք կախված ենք Դաշինքի առանձին երկրներից։ Այսպիսով, ռազմական տեխնիկայի, հետախուզության միջոցների և այլ հարցեր պետք է կարգավորվեն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների միջև երկկողմ հիմքով», — ասել է Ռասմուսենը։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
Միաժամանակ Ռասմուսենը նշել է, որ Ուկրաինայից ստացել է որոշ ոլորտներում աջակցություն ցուցաբերելու նամակ, ինչը գտնվում է ՆԱՏՕ-ի իրավասության շրջանակներում, և այդ օգնությունը կցուցաբերվի։