տուն Աշխարհ Ուկրաինան փակում է մուտքը օտարերկրացիների համար

Ուկրաինան փակում է մուտքը օտարերկրացիների համար

233
0

Ուկրաինայի Հանրապետությունը փակում է մուտքը օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։ Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում տարանցիկ երթևեկության ռեժիմով։

Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ.

— Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև ընտանիքների անդամներ,

— Ուկրաինայում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք»,- նշված է հայտարարությունում:

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել հայտարարությունից հետո առաջացած որոշ հարցեր:

«Մասնավորապես, պարզ չէ, թե արդյո՞ք Երևանի ուղղությունը սպասարկող ավիաընկերությունները (MAУ, SkyUp) մարտի 16-ից կամ 17-ից դադարեցնելու են թռիչքները, թե ոչ, քանի որ նախագահ Վ. Զելենսկին իր 13.03.2020թ. երեկոյան ելույթում նշել է, թե «երեք օրից փակվում են կանոնավոր թռիչքները», իսկ «Ուկրաինական ավիաուղիներ»-ն առայժմ չեն կարող պատասխանել այդ հարցին»,- գրել է դեսպանությունը: