տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինան մասնատվելու խնդրի առաջ է կանգնած. Սարո Սարոյան

Ուկրաինան մասնատվելու խնդրի առաջ է կանգնած. Սարո Սարոյան

294
0

AraratNews.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:

Պարոն Սարոյան, որքանո՞վ եք իրատեսական համարում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց Ուկրաինայի հրաժարվելու հնարավորությունը:

Պաշտոնական Երևանի հետ տեղի ունեցածն արդեն իսկ ահազանգ էր, որ նման կարգի զարգացումները հետխորհրդային նաեւ այլ տարածքներում բոլորովին էլ անիրական գործընթացներ չեն: Այդ տեսանկյունից Կրեմլը չի խուսանավում այլ երկրների աչքում իր այսպես ասած դաշնակիցների անլուրջ գորընկերոջ կարգավիճակը ամրագրել: Այսինքն` աշխարհաքաղաքական կենտրոնների աչքի առաջ նսեմացնել իր «դաշնակիցներին»` տվյալ ժամանակաշրջանի իր կայսերական շահը առաջ մղելու եւ այդ երկրների հարցով առավելապես իր հետ հաշվի նստելու համար: Այս իրավիճակում Կիևի՝ նման որոշման կայացումը նույնպես շատ մեծ հավանականություն ունի, և այստեղ, իհարկե, այդ երկրների նկատմամբ պարտադրանքն է, որ բանեցվում է Մոսկվայի կողմից:

Կարող եմ արձանագրել նաեւ, որ այս կամ այն կերպ Ուկրաինայի վերաբաժանման խնդիրն է լուծվում: Դեպի Եվրոպա գնալով՝ Ուկրաինայի մասնատման խնդիրն էր կախվելու այդ ժողովրդի գլխին, բայց և դեպի Մոսկվա կողմնորոշումը, իր հերթին, Ուկրաինան երկու մասի բաժանելու մեծ ցանկություն է առաջացնելու՝ այս անգամ արդեն մյուս աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ: Ես շատ դեպքերում Ուկրաինային համարում եմ պատմական Մեծ Հայքի աշխարհաքաղաքական դերի ժառանգորդը, ով պետք է կարողանա ճիշտ խուսանավել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, այլապես ստիպված է լինելու բաժանվել նրանց միջեւ:

Խոսքը արևմտյան և արևելյան Ուկրաինայի բաժանմա՞ն մասին է:

Այո, այս դեպքում միասնական Ուկրաինայի ապագան է խորտակվում: Ամբողջ խնդիրն այստեղ է թաքնված: Եթե Հայաստանի դեպքում նման վտանգ գոյություն չուներ ու Արեւմտյան տերությունների կամ Ռուսաստանի կողմից Հայաստանի հետ երկխոսության ժամանակ բանեցվում էր մեկ այլ սպառնալիք` Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված, ապա նույն մեխանիզմը կիրառվում է Ուկրաինայի դեպքում, սակայն արդեն երկրի կիսման վտանգն օգտագործելով:

Ուկրաինայի դեպքում հիմնականում այդ սպառնալիքը բանեցվում էր Մոսկվայի կողմից, բայց այս դեպքում, եթե Կիեւը հստակ կուրս վերցնի դեպի Մոսկվա, նրան խուսանավելու ճանապարհներ չթողնվեն, ապա նույն այդ լծակը գործարկվելու է Արևմուտքի կողմից ` հասնելու համար գոնե Ուկրաինայի մյուս մասի վերատիրմանը, որպեսզի ինչ-որ չափով զսպվեն Ռուսաստանի` դեպի Սև ծով տարածվելու հավակնությունները:

Կարելի՞  է ասել, որ Հայաստանի և Ուկրաինայի դեպքում իրավիճակը նույնն է:

Աշխարհաքաղաքական իրավիճակը ընդհանուր նույնն է, տարբերությունն ընդամենը դեպի այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոն տրվելու պարտադրանքի նկատմամբ երկրների ներուժի մեջ է: Ուկրաինայի ներուժը համեմատական կարգով ավելի մեծ էր, որպեսզի կարողանար ձգձգել կողմնորոշման գործընթացը դեպի այս կամ այն կենտրոնը: Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ ներուժը կարծես թե Հայաստանից առավել էր ընդամենը երկու ամսով:

Բայց այս դեպքում կարծես այնպես էլ չէ, որ Ուկրաինայի արտաքին քաղաքական կուրսը միանգամից փոխվում է հակառակ ուղղությամբ:

Եթե Ուկրաինան չի գնում հստակ որևէ կողմ, ապա շատ ավելի մեծ խոցելիություն է ունենում և «կամ-կամ»-ի պարտադրանքը, ինչպես Հայաստանի դեպքում էր, ավելի է խորանում: Հայաստանի պարագայում պաշտոնական քարոզչությունը ցույց էր տալիս, թե դա Եվրոպայի կողմից էր, սակայն բոլորս էլ գիտեինք, որ Ճնշումը շատ ավելի մեծ էր Կրեմլի կողմից: Հենց այդ ճնշման տակ մնալու խնդիրն է, որ մեծ վտանգ է դառնում տվյալ երկրի համար` հատկապես երկրի բաժանման սպառնալիքը աչքի առաջ ունենալով:

Իհարկե, եթե կա այնպիսի ներուժ, որը հնարավորություն է տալիս խուսանավել՝ և որևէ կենտրոնի կողմ չգնալ, և նաև երկիրը չմասնատել, եթե կա այդ պաշարը, ապա ամենաճիշտ քաղաքականությունը դա կլինի: Բայց դեպքերը ցույց են տալիս, որ այդ ներուժը չկա:

Եվրաինտեգրացիայի խնդիրը նաև դրված էր Ուկրաինայի տնտեսական առողջացման հիմքում, բայց այս դեպքում, որքան էլ տարօրինակ է, փաստորեն երկրի արտադրողական ուժերի ճնշումն է, որ դեպի Ռուսաստան է մղում Ուկրաինային: Համենայնդեպս, այդպես են փորձում մեկնաբանել Ուկրաինայում: Սա նույնպես ցույց է տալիս, որ Ուկրաինայի դիմադրողականության ներքին պաշարը բոլորովին էլ անսպառ չէ, ու ըստ էության, խուսանավելու էլ տեղ չունի: Բոլոր դեպքերում այնպիսի պատային վիճակ է, որ թե՛ դեպի Եվրոպա, թե՛ դեպի Ռուսաստան գնալը, թե՛ չեզոք կարգավիճակին մնալը Ուկրաինայի բաժանման վտանգով են լեցուն:

Ուկրաինայի հրաժարվելը ինչպե՞ս կանդրադառնա Մոլդովայի, Վրաստանի ասոցացման վրա:

Վրաստանի դեպքում, միանշանակ է, որ նրա հիմքերն ավելի ամուր են: Վրաստանը կարողացել է վերջին տարիներին որոշակի ներուժ կուտակել` դիմադրելու համար Մոսկվայի սպառնալիքներին, անգամ պատերազմի բովով է անցել: Այդ տեսանկյունից Վրաստանը միանշանակ լավ վիճակում է:

Մոլդովայի դեպքում նորից նույն խաղաքարտն է կիրառվելու, ինչպես Հայաստանի դեպքում: Դա իրենց «Ղարաբաղի»` Մերձդնեստրի խնդիրն է: Ինչպես Ուկրաինայի բաժանման խնդիրը, այնպես էլ Մոլդովայի բաժանման խնդիրն է դրվելու հիմքում: Այստեղ Մոլդովայի համար խնդիր է դառնում՝ գնալ Վրաստանի՞ ճանապարհով, թե՞ Հայաստանի: Այսինքն, ինչպես Վրաստանի դեպքում էր Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կորստի գնով գնալ դեպի եվրաինտեգրացում, թե Մոլդովայի տարածքային ամբողջականությունը պահպանելով, սակայն այնուամենայնիվ, այդ խնդրից չձերբազատվելով, դեպի Մոսկվա:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here