Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ, երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է Դոնեցկի մարզի հարավում և Լուգանսկի մարզի մի մասում Ռուսաստանի հետ սահմանի փակման մասին:
«Դա հակաահաբեկչական գործողության գլխավոր տարրերից մեկն է», — նրա խոսքերն է մեջբերում LB.ua-ն:
Մեկնաբանելով ուժային գործողության ներկայիս փուլը՝ Տուրչինովը դժվարացել է նշել, թե որքան այն կտևի և արդյոք կմտցվեն ռազմական կամ հատուկ դրություններ երկրի առանձին հատվածներում:
«Դուք գիտեք, որ ես այդ հարցը փոխանցել եմ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մեր փորձագետների ուսումնասիրությանը: Կարծում եմ, մոտակա օրերի ընթացքում նրանք որևէ պատասխան պետք է տան, և այդ ժամանակ էլ մենք որոշում կընդունենք», — նշել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը: