տուն Քաղաքական Վերլուծական Ուկրաինան բարիկադ է ընդդեմ կայսերապաշտության

Ուկրաինան բարիկադ է ընդդեմ կայսերապաշտության

285
0

Պատմական փորձը ցույց է տվել, որ բոլոր ժամանակներում հզոր ու խոշոր պետությունները ունեցել են կայսերապաշտական ձգտումներ: Պատմությունը նաև դասեր է տվել, որ արտաքին քաղաքականության մեջ չկան բարեկամներ, այլ կան շահեր: Հետևաբար ցանկացած պետության պարտավորությունն է՝ հետապնդել սեփական շահերը: Սեփական շահերի հետապնդումը և այդ դիրքերից այլոց հետ խոսելուց ավելի արդյունավետ և արգասաբեր մեթոդ մինչ այժմ ի հայտ չի եկել:

Որքան էլ ժամանակները փոխվեն, այնուամենայնիվ, միշտ էլ թելադրող կողմը ուժեղն է: Փոխվել են ընդամենը այդ ուժի դրսևորման ձևերը: Ներկայումս այն ավելի շատ դրսևորվում է տնտեսական հզորությամբ, վարվող նոր գաղութատիրական քաղաքականությամբ, երբ իրականացվում է երկրների ոչ թե տարածքային նվաճում, այլ ընդամենը տնտեսական և մշակութային վերահսկողության տարածում:

Արևմտյան քաղաքականության մեջ շատ ավելի մեծ գործոն է հանդիսանում արևմտյան, հատկապես ամերիկյան մշակույթի տարածումը, քան տարատեսակ զինատեսակները և ուժի ցուցադրությունները: Արևմտյան կորպորացիաների ներդրումները տարբեր տարածաշրջաններում շատ ավելի մեծ դեր են կատարում, քան տրամադրվող ռազմական աջակցությունը:

Այսպիսով, անկախ նրանից, որ ապրում ենք 21-րդ դարում և միջազգային դիվանագիտության հիմնական լեզուն իրավականն է, խոշոր պետությունները չեն դադարում հետապնդել կայսերապաշտական նպատակներ: Սակայն, ի տարբերություն այլոց, Ռուսաստանի պարագայում այն դրսևորվում է ուղղակի ուժի կիրառմամբ, բիրտ քաղաքականությամբ, որի տակ փորձ էլ չի արվում դնել որևէ գաղափարախոսություն: ԱՄՆ-ի քայլերի պարագայում, գոնե, դրվում է ժողովրդավարության տարածման երբեմն խիստ կասկածելի թեզը:

Ներկայումս Ուկրաինայում փաստացի պայքար է գնում ռուսական կայսերապաշտական ձգտումների դեմ: Ուկրաինան և նախկին խորհրդային մյուս երկրները ռուսական քաղաքական վերնախավի կողմից դիտվում են ոչ թե որպես հավասար հարաբերությունների սուբյեկտ, այլ ընդամենը ռուսական կայսրության մաս: Սակայն Ուկրաինայում կատարվողը պայքար է ոչ միայն ռուսական, այլ առհասարակ կայսերապաշտության դեմ: Պայքար է իրենց աշխարհում քաղաքական օրակարգերի ձևավորողն ու դրանց առաջամարտիկը համարող գերտերությունների և վերջիններիս կողմից ձեռք բերվող, հաճախ մարդու իրավունքների հետ բացարձակապես առնչություն չունեցող պայմանավորվածությունների դեմ: Այսպիսով Ուկրաինան առհասարակ բարիկադ է ընդդեմ կայսերապաշտության:

Պատահական չէ, որ Արևմուտքի նախնական արձագանքը ասոցացումից Ուկրաինայի և Հայաստանի հրաժարմանը բավականին իներտ էր, իսկ ներկայումս Եվրամայդանը վերջիններիս ևս պարտադրում է իր որոշումները:

Սա ուղղակի ժողովրդավարություն է ոչ միայն Ուկրաինայում, այլ նրա սահմաններից դուրս: Հանրության ինքնակազմակերպումը, ստեղծագործականությունը լիովին նոր որակ է հաղորդում քաղաքացուն և վերջինիս արժևորմանը պետության մեջ:

Ինչպես մի օր ասաց ընկերներիցս մեկը, սա կարող է բերել Նոր Եվրոպական հատվածում ավելի հզոր ժողովրդավարական արժեքների հաստատման, քան հենց Հին Եվրոպայում է:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here