Ուկրաինայի ընդդիմությունը գտնվում է ճգնաժամում՝ չկարողանալով առաջարկել հստակ ծրագիր իր կողմնակիցներին, որով կհակադարձեր Յանուկովիչի կողմից Ռուսաստանի հետ գործարքին։ Այս մասին գրում է The Global Post-ը։
Նույն պարբերականը նշում է, որ ընդդիմության առաջնորդները չեն կարողանում արդյունավետ օգտագործել փողոցային բողոքի ակցիաները։ Կիրակի օրը տասնյակ հազարավոր մարդիկ կրկին հավաքվել էին ընդդեմ Յանուկովիչի վարած քաղաքականության, սակայն այդ բողոքի ակցիան ամենափոքրաթիվն էր նոյեմբերի 24-ից սկսած։ Փորձագետները նշում են, որ ընդդիմությունը պետք է ավելի արդյունավետ բանակցեր օլիգարխների հետ, փորձեր աջակիցներ գտնել խորհրդարանում, սակայն դա տեղի չունեցավ։
Իսկ Լեհաստանի հեղափոխական առաջնորդ Լեխ Վալենսան, իր հերթին, հայտարարել է, որ ինքը չտեսավ մի այնպիսի շարժում, որը կստիպեր կառավարությանը հրաժարական տալ։ Ըստ փորձագետների՝ այժմ ընդդիմությունը պետք է նախապատրաստվի երկարատև պայքարի։