Երեկ ամբողջ օրը Ուկրաինայի արևելյան շրջաններում հրահրվել են անկարգություններ։ Ռուսամետ փոքրաթիվ ուժեր (ամբողջ արևելյան շրջաններում փողոց է դուրս եկել մինչև 8 հազար մարդ) հարձակվել են պետական հաստատություների շենքերի վրա։ Ուկրաինայի նոր իշխանությունները, փորձելով չհրահրել բախումներ՝ լուրջ հակազդեցություն չեն ցուցաբերում սադրիչներին։
Սակայն երեկ Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է, որ այսուհետ առանց արյան, բայց կոշտ կերպով կվերականգնի վերահսկողությունն այդ շրջանների կենտրոնում։ Ոստիկանությունը սպառնում է ձերբակալել անկարգությունները հրահրողներին, նրանց սպառնում է 5-8 տարի ազատազրկում։
Լուգանսկում, որտեղ ամենաշատ ռուս բնակչությունն է՝ մոտ 40 տոկոս, ցուցարարները գրավել են Ուկրաինայի ազգային անվտանգության շրջանային բաժնի շենքը, ինչպես նաև Ազգային բանկի մասնաճյուղը։ Դոնեցկում և Խարկովում ցուցարարները հարձակվել են շրջանային խորհուրդների շենքերի վրա։
Փորձագետները նշում են, որ այս կերպ ռուսական իշխանությունները փորձում են հիմք նախապատրաստել Ուկրաինայի արևելյան շրջաններ ներխուժելու համար։