ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը հույս է հայտնել, որ Ուկրաինան, վաղ թե ուշ, Եվրամիության հետ կստորագրի ասոցացման մասին համաձայնագիրը։ «Այս համաձայնագրի ստորագրումն, առաջին հերթին, Ուկրաինայի շահերից է բխում, քանի որ նպաստում է նրա հարաբերությունների խորացմանը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։ Խոստովանեմ, ես մի փոքր զարմացել էի Կիևի ընդունած որոշմամբ, սակայն հարգում եմ Ուկրաինայի ընտրությունն ու այն ճանապարհը, որով նա ցանկանում է կառուցել հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ», — ասել է Ռասմուսենը։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
Նա նշել է, որ ո՛չ Եվրամիությունը, և ո՛չ ՆԱՏՕ-ն, չեն միջամտելու առանձին պետությունների ներքին գործերին և իրենք հավատարիմ են՝ այս կամ այն պետության այս կամ այն կազմակերպությանը միանալու որոշումները հարգելու սկզբունքին։ «Մեր կողմից հռչակված բաց դռների քաղաքականությունը նշանակում է, որ այն երկրները, որոնք ցանկանում են դառնալ Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամ, պետք է համապատասխանեն մեր չափանիշներին», — ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։