2008 թվականի մարտի 1-ից տասներկու տարի է անցել, բայց այդ օրերի թողած հետքն անջնջելի է։ Հիշողությանս մեջ դաջվել են մայրաքաղաքիս քաոսային պատկերները, շոկային կադրերը, արյան լճակները:
Դպրոցական էի: Այն ժամանակ պատկերացում անգամ չէի կարող ունենալ, որ մեկ տասնամյակ անց պիտի հոդված գրեմ այդ մասին: Լրագրող դառնալու միտք անգամ չունեի:
Հիշում եմ՝ սովորականի նման մարտի 1-ի առավոտյան էլ միացնում եմ հեռուստացույցն ու հետևում օրվա իրադարձություններին: Լուրերով մեկը մյուսի հետևից ցուցադրում են Երևանի ջարդուփշուր եղած խանութները, փողոցում տիրող քաոսը. նման կադրերով ռեպորտաժներ տեսել էինք միայն միջազգային լրահոսում: Սակայն սրանք դրսի կադրեր չէին: Սա Հայաստանն էր և վերջ:
Ճիշտ է, մենք մայրաքաղաքից հարյուր կիլոմետր հեռավորության վրա էինք ապրում՝ Սպիտակում, բայց անհանգստությունս մեծ էր: Էկրաններից այսկողմ իրական մարդիկ էին՝ մայրաքաղաքից եկածներ, ովքեր սեփական աչքերով էին տեսել։ Պատմում էին վախեցած ու տագնապահար։
Հայկական որոշ լրատվականներ քաջություն ունեին մեկը մյուսի հետևից ռեպորտաժներ ցուցադրել Երևանի կենտրոնում տեղի ունեցող անկարգությունների, խաղաղ ցուցարարներին մահակներով ծեծած ոստիկանների, վիրավորների, զոհվածների մասին: Զոհվածներից մեկն էլ Արցախյան ազատամարտի մասնակից էր. զոհվեց ոչ թե թուրքի, այլ հենց հայի գնդակից, եւ ոչ թե սահմանին, այլ իր տան բակում։ Սարսափելի էր։ Հայը հայի վրա ձեռք էր բարձրացնում:
Հիշում եմ`տարիքով մարդիկ ասում էին՝ գործող իշխանությունը սադրում է իրավիճակը:
Նկարագրածիս հակառակ պատկերն էր պետական հեռուստատեսությունում: Ժամանցային հեռուստածրագրեր էին ցուցադրվում։ Իսկ ներքաղաքական կյանքի մասին՝ քար լռություն: Այնպիսի տպավորություն էր, թե կյանքը խաղաղ ընթացքի մեջ էր: Թեպետ ես այդ ժամանակ երեխա էի, քաղաքականությունից չէի հասկանում, սակայն տեղս չէի գտնում, չէի ուզում հավատալ, որ այս ամեն ինչը կատարվում է իմ երկրում: Իմ սերնդակիցների համար սա առաջին ցավոտ հանդիպումն էր նման իրականության հետ, որին մենք պատրաստ չէինք և չէինք էլ ուզում պատրաստ լինել:
12 տարի անց… փոխվեցին իշխանությունները, վերաբացվեցին Մարտի 1-ի փակված գործերը։ Ընթանում են նոր հետաքննություններ, կան կալանավորվածներ։ Սակայն կորսված կյանքերը էլ հետ չես բերի, նրանց ընտանիքներին ոչ մի ձեւով չես փարատի. թերեւս միայն իրական մեղավորների դատաստանը կսփոփի նրանց վիշտը։
Եվ ուզում եմ այսօրվանից գարնանային նոր էջ բացել եւ արյունոտ ամսաթվերը ջնջել օրացույցից։
Հայկ Մագոյան