տուն Քաղաքական Հայաստան Որ հանգիստն են նախընտրում հայաստանցիները կորոնավիրուսային օրերին

Որ հանգիստն են նախընտրում հայաստանցիները կորոնավիրուսային օրերին

296
0

Ամառ, արև, ծով, ավազ, մի խոսքով` ակտիվ հանգստի մեկնելու ճիշտ ժամանակն է:  Եթե նախորդ տարի մարդիկ մեծ ոգևորությամբ պատրաստվում էին հանգստի մեկնել, ապա այս տարի պատկերը լրիվ այլ է. տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակներ կրել, անընդհատ ախտահանել ձեռքերը: Մեղմ ասած` հանգստանալը կորավ գրողի ծոցը: Աշխարհում համավարակ է:

Հանրային առողջության պահպանումը դարձել է բոլորիս թիվ մեկ խնդիրը: Բայց չնայած բոլոր հորդորներին ու կոչերին, մարդկանց մի ստվար զանգված, այնուամենայնիվ, չի կարողանում դիմանալ գայթակղությանը: Ճիշտ է, երկրից դուրս գալը ոչ միայն շռայլություն է, այլ նաև երազանք, բայց մարդիկ գտել են ճարը`տեղում են փորձում կազմակերպել իրենց հանգիստը:

Araratnews.am-ը փորձեց առաջին ձեռքից`ներգնա տուրիզմով զբաղվող կազմակերպություններից ու հանգստյան տներից պարզել, թե նախորդ տարվա համեմատությամբ որքան են նվազել մարդկանց շրջագայությունները, համավարակի պայամաններում ինչպես է կազմակերպվում մարդկանց հանգիստը, և այս փաստերը ներկայացնել իր ընթերցողներին: (Կազմակերպությունների անունները չենք նշում, որպեսզի գովազդ չդիտարկվի):

Հիմնական պասիվությունը նկատվում է հանգստյան տներում: Մարդկային հոսքը կրճատվել է: Եվ պատճառը համավարակի ստեղծած սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է:

«Անցյալ տարի այս շրջանում մենք բավականին հյուրեր ունեինք, որոնք հանգստանում էին մեր հյուրանոցում, բայց այս տարի դեռ հյուրեր չկան: Ստեղծված են բոլոր պայմանները, կատարվում են պարետատան պահանջները` ախտահանում, ճաշարանում սեղանների համապատասխան հեռավորություն, աշխատակիցները՝ պարտադիր դիմակով ու ձեռնոցով: Բայց հանգստացողներ չկան»,- ասաց հանգստայան տներից մեկի ղեկավարը:

Իրավիճակը հակասական է Հայաստանի տեսարժան վայրեր շրջագայություններ կազմակերպող ընկերություններում:

Նման կազմակերպություններից մեկից մեզ տեղեկացրեցին, որ իրավիճակի փոփոխություն չեն նկատում:

«Կարող եմ վիճակը գնահատել բավարար: Կարող եմ ասել, որ այս տարի մարդիկ ավելի շատ են շրջագայում Հայաստանի տարածքում, քան նախորդ տարիներին: Կորոնավիրուսը, որպես այդպիսին, չեմ կարող ասել, որ ազդել է ներգնա տուրիզմի վրա»,- ասաց Հայաստանի տարածքում շրջայցեր կազմակերպող ընկերություններից մեկի աշխատակիցը:

Մեկ այլ ընկերությունում էլ իրավիճակը լրիվ այլ կերպ ներկայացրեցին:

«Մարդկանց ակտիվությունը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է: Չնայած մարդկանց քիչ այցելություններին, մենք շարունակում ենք աշխատել`պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Մեքենաները ախտահանվում են, դիմակ, ձեռնոց բաժանվում է, ու ամբողջ ճանապարհի ընթացքում մեքենայում լինում են ախտահանիչ միջոցներ»,- նշեց տուրիստական ընկերության աշխատակիցը:

Ճիշտ է, բոլորն էլ իրենց խոսքում ասացին, որ պահպանվում են պարետատան բոլոր կանոնները, բայց երկրում կորոնավիրուսով վարակվողների թվերը այդպես էլ չեն նվազում: Փաստ է` համավարակը վնասել է բոլորին, այս շրջանում հատկապես տուրիզմին: Չնայած սրան, կառավարությունն էլ շարունակում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող ծրագրերով մեղմացնել վնասները: Օրինակ՝ 20-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև տուրիստական ընկերությունները:

Մեզ մնում է համակերպվել և շարունակել ապրել համավարակի հետ: Աշխարհն այլևս նույնը չի լինելու: Հիմա նոր ժամանակներ են: Կարևորը` առողջ մնացեք, իսկ հանգստանալ դեռ կհասցնեք:

Հայկ Մագոյան