Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հունվար-սեպտեմբեր ամիսներին սահմանահատումների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ` այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից մեկնումների և ժամանումների թվի տարբերությունը եղել է 122 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 109 հազարի փոխարեն:
Սա, իհարկե, ընդհանուր պատկերացում տալիս է արտագաղթի մասին, ավելի ճիշտ` արտագաղթի դինամիկայի մասին: Սակայն այս տարվանից ներդրվել է մի համակարգ, որն ավելի ճշգրիտ է արտացոլում արտագաղթի իրական պատկերը: Այդ համակարգի շնորհիվ հնարավոր է դարձել նույնականացնել այն անձանց, ովքեր մի քանի անգամ են հատել սահմանը: Այսինքն` մենք ունենք արդեն ոչ միայն մեկնումների ու ժամանումների տարբերությունը, այլև մեկնած ու ժամանած անձանց թվերի տարբերությունը:
Ըստ այդմ` այս տարվա հունվար սեպտեմբեր ամիսներին մեկնած և ժամանած անձանց տարբերությունը 61 հազար է: Տարեվերջին այս թիվը կփոքրանա, քանի որ միշտ տարեվերջին Հայաստան ավելի շատ մարդ է գալիս (խոսքը հիմնականում արտագնա աշխատողների մասին է), քան գնում է Հայաստանից:
Նոր համակարգով դեռ չունենք անցած տարվա հունվար-սեպտեմբերը, որպեսզի այն համեմատենք այս տարվա հունվար-սեպտեմբերի հետ: Բայց ունենք անցած և այս տարվա հունվար-հունիսը: Ըստ այդմ անցած տարվա առաջին կեսին այդ տարբերությունը կազմել է 66 հազար, այս տարվա առաջին կեսին` 81 հազար: Սա նշանակում է, որ աճի միտում, այնուամենայնիվ կա: Այնպես որ, տարեվերջին ամենայն հավանականությամբ մենք կունենանք ավելի քան 50 հազարի տարբերություն:
Հայկ Մանուկյան