Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը: Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Թուրքիայում նախագահական մակարդակով Հայոց ցեղասպանության հարցով քննարկումը:
Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նաղդալյանը նշել է, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ, դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Դա են վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Աննա Նաղդալյանը հավելել է՝ մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:
Թուրքիայում քննարկումից հետո նախագահականի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ և նշել, որ նախագահ Էրդողանի համոզմամբ, «պատմական դեպքերի վրա թշնամության սերմեր են ցանվում, որոնք սակայն չեն ծլելու արդարության հողի մեջ»։