տուն Լուրեր Որքանո՞վ են անվտանգ հնդկական դեղերը շաքարային դիաբետով հիվանդների համար

Որքանո՞վ են անվտանգ հնդկական դեղերը շաքարային դիաբետով հիվանդների համար

121
0

21

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր մի հոդված, որտեղ ասվում էր, որ ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) ներկրած հնդկական արտադրության դեղատեսակները ոչ միայն չեն օգնում, այլեւ, ընդհակառակը, ծանր վիճակում են դրել շաքարային դիաբետով շատ հիվանդների: ՀՀ պոլիկլինիկաներում անվճար տրամադրվող հնդկական դեղահաբերի անորակ լինելու հետեւանքով մեծ թվով մարդիկ դարձել են ինսուլինակախյալ, որոնց թիվը, ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների, ավելացել է 2000-ով:
Այս կապակցությամբ AraratNews.am-ը փորձեց Առողջապահության նախարարությունից ճշտել, թե ներկրվող դեղերը, որքանով են անվտանգ քաղաքացիների համար, և ով է պատասխանատվություն կրելու, եթե դրանք անորակ լինեն: ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և այդ դեղամիջոցները լիովին անվտանգ են.«Այս մասին մենք հարյուր անգամ հայտարարել ենք, որ ապատեղեկատվություն է: Անգամ նախարարին են հարց ուղղել, և նա պատասխանել է: Սա ուղղակի գովազդ է, այն կազմակերպությունը, որը չի շահել մրցույթը այժմ նման խոսակցություններ է տարածում: Դեղերը ներմուծվում են Հնդկաստանից և դրանք լիովին անվտանգ են: Հնդկաստանը մեծ երկիր է և արտադրում է նույնքան որակյալ դեղամիջոցներ, որքան Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր»,- ասաց տիկին Հայթայանըˋ ավելացնելով, որ օրենքով սահմանված մրցույթն է ընտրել այն ընկերությանը, որը մատակարարում է ներկրվող դեղամիջոցը, իսկ դեղամիջոցը յոթ անգամ փորձաքննություն է անցել:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է շաքարային դիաբետով հիվանդներին «Դիաբետոն» դեղամիջոցի փոխարեն տրամադրվում է հնդկական արտադրության դեղամիջոց: