տուն Լուրեր Որտե՞ղ են այս տարի հանգստանալու պատգամավորները

Որտե՞ղ են այս տարի հանգստանալու պատգամավորները

86
0

77

Araratnews.am-ի լրագրողը զրուցել է պատգամավորներից մի քանիսի հետ և փորձել պարզել, թե վերջիններս որտեղ են նախընտրում անցկացնել իրենց ամառային հանգիստը:

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իր հանգիստը պատրաստվում է անցկացնել Ղարաբաղում, Ջավախքում, ինչպես նաև ընտանիքի հետ միասին գնալու է ծով: Մեր լրագրողի հարցին, թե կոնկրետ ո՞ր ծովի ափին են որոշել անցկացնել  հանգիստը՝ պատգամավորը պատասխանել է, որ դեռևս չեն որոշել:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հանգիստը անցկացնելու է Հունաստանում: «Ինձ համար հանգիստը մի ձև է լինում` դա միայն ծովի ափին է, բայց ոչ Սև ծովի: Գերադասում եմ Միջերկրական ծովը, ինձ համար նաև կարևոր է որ չլինի ակտիվ հանգիստ: Հանգստյան տունը, որը ես ընտրում եմ, պետք է աղմուկից կտրված լինի: Եվ այս ամեն ինչից ելնելով՝ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեր հանգիստը կանցկացնենք Հունաստանում»,- Araratnews-ի հետ զրույցում նշել է պատգամավորը: Նա համեմատականներ է անցկացրել հայաստանյան և արտերկրի հանգստյան տների միջև՝ ասելով. «Մեզ մոտ շատ ավելի թանկ  է հանգիստը վայելելը, քան դրսում, դա միանշանակ է: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի բոլոր հանգստյան տներում մատուցվում է բացարձակ անորակ ծառայություն՝ բացառությամբ մի քանիսի, որտեղ աստղաբաշխական թվեր են և իրենց կարող են թույլ տալ հանգստանալ միայն մուլտի միլիարդատերերը, ուստի ես կնախընտրեմ 50 աստիճանի շոգին մնալ տանը, բայց Հայաստանի որևէ հանգստավայր չեմ մեկնի, որովհետև, երբ որ դու վճարում ես շատ լուրջ գումար, որ դրա դիմաց որևէ ծառայություն մտուցվի, բայց բացի նյարդեր քայքայելուց ուրիշ ոչինչ չես ստանում»,- եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը:

Araratnews-ի լրագրողը ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանից ևս հետաքրքրվել է, թե որտեղ է վերջինս անցկացնելու իր  հանգիստը: Պատգամավորը տվել է կարճ ու կոնկրետ պատասխան. «Ձորաղբյուրում»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն  Հակբոբյանն էլ նշել է, որ ամառային  հանգիստն անցկացնելու է Հայաստանում և Արցախում:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, որ արդեն 25 տարի է, ինչ ինքն արձակուրդը անց է կացնում Տուապսեում՝ կնոջ քրոջ ընտանիքի մոտ: «Այնտեղ ես վերցնում եմ վրան, գնում եմ հեռու՝ ծովի մոտ` առանց հեռախոս, առանց հայելի, առանց սանր և յուղաներկով նկարում եմ»:

Արամ Մանուկյանն ևս համաձայնել է իր գործընկերոջ հետ՝ նշելով, որ Հայաստանում հանգիստն անցկացնելը բավականին թանկ հաճուք է:

Էմմա Պալյան