«Որոտանի ՀԷԿ-ը ներդրումների կարիք ունե՞ր և արդյոք արժե՞ր վաճառել այն այսօր: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վստահ է՝ վաճառքի կարիք չկար: «Ես այն մարդկանցից եմ, որը որևէ սահմանափակում չի դնում պետական ունեցվածքի վաճառքի հարցում: Ցանկացած պետական ունեցվածք կարելի է վաճառել՝ Ատոմակայանից մինչև աթոռ: Բայց արդյո՞ք Որոտանի ՀԷԿ-ը ներդրումների կարիք ունեցող մի կառույց էր, որը գումարներ չուներ և պետք է վաճառքի հանվեր՝ հետագա շահագործման համար: Պատասխանը միանշանակ է՝ ոչ, վաճառքի անհրաժեշտությունը չկար»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ 40 տարին հիդրոկայանի համար երկար ժամանակ չէ. Նման կառույցները նորմալ աշխատում են առնվազն 80 տարի: Իսկ Որոտանը ոչ միայն հին ու մաշված չէ, այլև «ինժեներական առումով ունիկալ կառույց է»: Այն կարող է աշխատել տարվա մեջ 365 օր, 24 ժամ, ջուրը հոսում է 2000 մետր բացարձակ բարձրությունից՝ դեպի 600 մետր ներքև և այլն: Ավելին, եթե ներդրումների կարիք կար, գերմանական KFW բանկն առաջարկել էր արտոնյալ պայմաններով (2.75% տոկոսադրույք, 15 տարի մարման ժամկետ) 51 միլիոն դոլարի վարկ, որը 2010թ-ին հաստատվեց, բայց այդպես էլ գումարները չստացվեցին:
Տնտեսագետը վստահ է, որ վաճառքի դեպքում Որոտանի ՀԷԿ-ի գինը պետք է լիներ ոչ թե 180 միլիոն դոլար, այլ առնվազն 500 միլիոն դոլար: