Araratnews.am-ը զրուցել է Ալ.Սպենդարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանի հետ՝ նրա ստեղծագործական գործունեության, թատրոնի նորանշանակ տնօրենի մասին:
—Մագդա, որո՞նք են այն դերերգերը, որոնք այժմ կատարում ես։
-Այժմ կատարում եմ Վերդիի «Աիդա»-ն, Վերդիի «Տրուբադուր» օպերայում հանդես եմ գալիս Լեոնորայի դերերգով, Բելլինիի «Նորմա» օպերայում Նորմայի դերերգով: 2009թ-ին էլ տեղի ունեցավ իմ ամենասիրած օպերան՝ Մոցարտի «Դոն Ջիովանի»-ն, որտեղ ես երգեցի Դոննա Աննայի դերերգը:
—Որպես երգչուհի՝ քեզ բավարարում են աշխատելու ու ստեղծագործելու այն հնարավորությունները, որոնք տրված են օպերային թատրոնում:
-Եթե բավարարվես աշխատանքով, ապա չես ստեղծագործի, կդոփես տեղում: Շատ կցանկանայի՝ մեր թատրոնում լիներ հարուստ ռեպերտուար, որտեղ ես հանդես գայի իմ ձայնին համապատասխան դերերգերով:
—Վերջերս թատրոնում նոր տնօրեն նշանակվեց, ի՞նչ կասես այդ մասին, նշանակումից հետո փոփոխություններ եղա՞ն:
-Դեռևս չեմ կարող որևէ հստակ բան ասել:
—Մի առիթով նշել ես՝ գուցե հեռանաս Հայաստանից, դեռ այդ մասին մտածո՞ւմ ես:
-Արտասահմանում շատ եմ եղել, ելույթներ ունեցել մեծ բեմերում և ստացել առաջարկ՝ մնալու եւ ստեղծագործելու եվրոպական թատրոններում: Կարող էի մնալ, բայց չեմ մնացել, վերադարձել եմ հայրենիք, որտեղ իմ հողն ու ջուրն է:
—Հայաստանում ամենացավոտ երևույթներից է արտագաղթը, ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ է պետք անել, որպեսզի մարդիկ չհեռանան:
-Շատ ցավով եմ նայում այդ երևույթին: Մեծ ցավ եմ ապրում, երբ հեռանում են արվեստագետներ, բժիշկներ, ճարտարապետներ, գիտնականներ, որոնք իրենցից հետո կարող էին թողնել մշակութային մեծ ժառանգություն: Չեմ կարծում՝ արտագաղթը խնդրի լուծում է: Վերջերս նկատել եմ՝ որոշ մարդկանց համար արտագաղթը նոր կյանք սկսելու հնարավորություն է, որ փորձում են իրականացնել, լինում են դեպքեր, երբ չի էլ ստացվում: Ըստ իս՝ դա մոլորություն է՝ լի վտանգներով:
Շողիկ Գալստյան