Ինչպես գիտենք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու փոխքաղաքապետ Կամո Արեյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով առաջիկայում տրանսպորտի գնի բարձրացմանը նշել են, որ դա գրեթե անխուսափելի է: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրուցել է այս թեմայի շուրջ նշելով, որ դեռևս չեն ավարտվել հանձնաժողովի աշխատանքները, և ոչ ոք իրավունք չունի նման հայտարարությամբ հանդես գալու: «Դեռևս շատ քայլեր կան իրականացնելու, դա ունի հստակ ընթացակարգեր, դեռևս կան հանրային լսումներ, դեռևս հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը, հանձնաժողովի աշխատանքներին պետք է հաջորդեն հանրային լսումները, իսկ դեռևս այդ գործընթացները չավարտած, ինչպես կարելի է խոսել թանկացման կամ չթանկացման մասին։ Այս քայլով նրանք ցույց են տալիս, որ փորձում են հասարակությանը տրամադրել դեպի 150 դրամ ուղեվարձի»,-նշել է Բաբկեն Պիպոյանը: Վերջինիս կարծիքով ոչ մեկը իրավունք չունի նման հայտարարություն անելու, քանի դեռ աշխատանքներ կան անելու:
Իսկ թե ինչպիսի պայքար է ակնկալում տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում՝ Բաբկեն Պիպոյանը պատասխանել է.«Ինչպես որ եղավ նախորդ անգամ, նույն էլ կլինի այս անգամˋնոր հնարքներով»:
Էմմա Պալյան