ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարներին հարցրեց՝ ինչ վիճակ է Սյունիքում, պոչամբարի պատճառով աղտոտված ջրերը հոսել են Ողջի գետ: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ Ողջի գետի գույնը փոխվել է՝ դարձել է դարչնագույն: «Նախարարության, ուժային կառույցի ներկայացուցիչներն արդեն տեղում են»,- ասաց պարոն Պապիկյանը:
Վարչապետը հարցրեց՝ ո՞ր ընկերությանն է պոչամբարը: Սուրեն Պապիկյանը ենթադրեց՝ գուցե Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանինն է:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ ասաց, որ չի բացառվում՝ լինի պղնձամոլիբդենային գործարանինը կամ Կավարտի հանքից լինի արտահոսք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց՝ ինչ քայլեր են անում: «Իրականացվում է դեպքի վայրի զննություն: Այնտեղ կա վնասված խողովակի հատված, որտեղ հիմա վերականգնման աշխատանքներ են կատարվում: Նախնականով գուցե այդտեղից հոսած լինի: Վերջնական տվյալներից հետո քննարկվի քրեական գործ հարուցելու հարցը»,- ասաց դատախազը:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ փրկարարներն են իրեն տեղեկացրել դեպքի մասին: Ով արել է այդ բանը, թաքուն է պահել: Ավելին՝ անողները խողովակները «սվարկա» են արել: