տուն Հասարակություն Ովքեր կլինեն անպտղության բուժման ծրագրի շահառուները

Ովքեր կլինեն անպտղության բուժման ծրագրի շահառուները

159
0

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրեց պետության կողմից երաշխավորված Արտոնյալ և անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկի վերաբերյալ մանրամասները, որի շրջանակներում իրականացվելու են`

1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում,

2) մինչև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ,

3) ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում՝ առավելագույնը 6 փորձ,

4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ` սաղմերի ստացման դեպքում սաղմերի 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ:

Արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը կատարվում է պետության կողմից 50% մասնակցությամբ:

Ըստ բժշկական ցուցումների` ամուսնական զույգին կարող են տրամադրվել բուժօգնության հիշյալ բոլոր տեսակները:

Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար ծախսերը, դրանք կատարում է շահառուն:

Ծրագրում ներգրավվելու համար շահառուները, ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողաբանության գծով լիցենզիա ունեցող բժշկական 5 կազմակերպություններից որևէ մեկին, դրանք են՝ վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, «Աստղիկ», «Շենգավիթ» բժշկական կենտրոնները, «Ֆերտիլիթի» պտղաբերության կենտրոնը։

Կազմակերպություններում գործող հանձնաժողովն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում և տալիս եզրակացություն բուժման տեսակի վերաբերյալ, ընդ որում, ծառայությունները մատուցվում են` ըստ շահառուների դիմումների էլեկտրոնային միասնական գրանցման հաջորդականության:

Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են՝

ծրագրից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ հետևյալ զույգերը`

1) երբ ամուսիններից մեկը զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ,

2) զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո այդ պատճառական կապով զոհվածի ծնողներ,

3) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,

4) զույգերից մեկի մոտ առկա է հաշմանդամություն, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,

5) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչներ:

Միաժամանակ, շահառուները պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները՝

1) ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի, և ամուսնությունը գրանցված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) կինը 20-35 տարիքային խմբում, ընդ որում` 35 տարեկանում հաշվառվելու դեպքում նա պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը, իսկ զինվոր որդի կորցրած մայրերի դեպքում` մինչև 42 տարեկանը:

Շահառուն պետք է ներկայացնի՝ դիմում, անձնագիր, նույնականացման քարտ, ամուսնության վկայական, կարգավիճակը հաստատող փաստաթղթեր (բնօրինակներ) և էպիկրիզ` նախկինում ստացած հետազոտությունների ու բուժման վերաբերյալ:

Դիմումի ընթացքը կարող է մերժվել, եթե դիմումատուն չի բավարարում սահմանված պահանջներն ու պայմանները, ունի հակացուցում և հղիության խիստ ցածր հավանականություն:

Մերժման հիմքերի վերացման դեպքում դիմումատուն կարող է կրկին դիմել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here