Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողներից մեկը մամուլի ասուլիսում հարցրեց՝ ովքեր էին ցանկանում պետական հեղաշրջում անել, որը հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա ասաց, որ դա վերնագրային ընթերցում է, քանի որ Արմեն Գրիգորյանը նման ձեւակերպում չի արել: «Հեղաշրջում, պետական հեղաշրջում եւ այս կարգի հասկացությունները լուրջ փոփոխություն են կրում: Օրինակ կա հիբրիդային պատերազմ, երբ դա ոչ ոք չի տեսնում, բայց այն կա: Արմեն Գրիգորյանի խոսքը պետք է համարել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ: Այդ պրոցեսը վերջնական ջախջախված է: Օրինակ, 10 միլիոնավոր դոլարներ են ծախսվում ՀՀ ղեկավարին, նրա ընտանիքի անդամներին, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություն տարածելու համար: Դա արվում է քրեական աշխարհը, կոռումպացված դեմքերին ներգրավվելով: Դրա մեջ ներգավվում են նաև գործող պաշտոնյաներ, դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ: Փառք աստծու, որ դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ են դրա մեջ: ՍԴ-ի որոշ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ են դրա մեջ ներգրավված»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարծես թե ՍԴ բոլոր անդամների 80 տոկոսը չի ներգրավվել այդ պրոցեսի մեջ: «Չասեք անուններ տվեք: Թույլ տվեք ինձ ազատել անունները տալու տհաճությունից»,- մանրամասնեց վարչապետը:
Նա ասաց, որ անվտանգության մարմինները զբաղվում են այս հարցերով: «Բայց պրոցեսի նպատակը ինչ-որ մարդկանց դատելը չէ, այլ անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացվեն եւ մի քանի ամիս առաջ չեզոքացվել են»,- հավաստիացեց վարչապետը: