Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որն առևտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի լավ վարկային և հարկային պատմություն:
Այս ծրագրից չեն կարող օգտվել բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները:
Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն:
Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
Միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի՝
վարկի համաֆինանսավորում: Այն է` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնման պայմանով:
Վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ
Վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:
Պետք է հիշել, որ յուրաքանչյուր տնտեսավարող կարող է օգտվել օժանդակության ձևերից միայն մեկից:
Հայկ Մագոյան