Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնող հերթական ծրագիրը:
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով աշխատանքի շուկայում առաջացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին:
Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ այն քաղաքացիները`ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից և այդ ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:
Այս ցանկում կան նաև բացառություններ: Հիմնականում բացառությունները վերաբերում են վարկային կազմակերպություններին, գրավատներին, ապահովագրական կազմակերպություններին:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ` նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Սույն աջակցությունից չեն կարող օգտվել նաև այն անձինք, ում աշխատանքից ազատվելու նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, ով հունիսի մեկի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ այլ աշխատանքային պայմանագարի հիման վրա: Ինչպես նաև 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել:
Վճարման եղանակը անկանխիկ է լինելու: Որոշման ընդունումից հետո, ՊԵԿ-ը եռօրյա ժամկետում կտրամադրի տվյալները, և կմեկնարկի գումարների վճարումը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայկ Մագոյան