տուն Քաղաքական Վերլուծական Կեղտոտ հակաքարոզչություն

Կեղտոտ հակաքարոզչություն

284
0

Snapshot - 93_1361449145

Քչերը կպնդեն, որ ոստիկանությունը իր առաջնային ֆունկցիան, այն է՝ քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, կատարում է: Ամեն օր կարելի է տեսնել ոստիկանության կողմից մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման դեպքեր: Սակայն շատ հաճախ, հենց իրենք՝ այդ օրինախախտումները իրականացնող ոստիկաններն էլ են գիտակցում, որ կատարում են ապօրինի հրամաններ: Վերջիններս այդ մասին խոստովանում են թե՛ իրենց խոհանոցներում, թե՛ մասնավոր անկեղծ զրույցների ժամանակ:

Ամենօրյա օրինախախտի կարծիքով, ոստիկանական համակարգը երկար չի կարող գոյատևել՝ դրանով իսկ հանդիսանալ առկա հանցավոր վարչախմբի հենարանը: Իհարկե, բարձր օղակներում գտնվող ոստիկանության պաշտոնյաները՝ որոշակի դպրոց անցած և տարիների ընթացքում վարչախմբին մատուցած ծառայությունների համար պաշտոններով պարգևատրված անձիք են, ում համար քաղաքացու իրավունքները, ազատությունները ոչ մի արժեք չունեն, և նրանք իրենց միակ ֆունկցիան տեսնում են վարչախմբին պաշտպանելու ու դրա միջոցով նեղ անձնական, ընտանեկան բարեկեցություն ապահովելու մեջ:

Նման կադրերի պատրաստման համար հիմք է հանդիսացել նաև սովետական միլիցիայի դպրոցը, որտեղ ոստիկանությունը դիտարկվում էր որպես պատժիչ գործիք: Սակայն, ավելի ստորին օղակներում գտնվող ծառայողներից ոչ բոլորն են այդ արժեհամակարգի կրողը, հետևաբար և իրենց կողմից մարդու իրավունքների բազմակի խախտումներին ուղղակի չեն կարող դիմակայել: Իսկ ստորին օղակներից ծառայողների հեռանալը ենթադրում է պատժիչ գործիքի թուլացում, որը ծայրահեղ պահերին կարող է ռեժիմին կանգնեցնել անկանխատեսելի հետևանքների առաջ:

Այս ամենը գիտակցում են նաև վարչախմբի ներսում, հետևաբար ոստիկանության գործողությունների լեգալության պակասը լրացնելու է գալիս քարոզչությունը: Տրվող հրամանների անօրինականությունը արդարացնելու և կատարողների մոտ գործողությունների ճշմարտացիության զգացում ապահովելու նպատակով պայքարող խմբերի, ուժերի, քաղաքացիների նկատմամբ իրականացվում է ակնհայտ հակաքարոզչություն:

Ընդ որում սա կրում է ոչ միայն  ներքին, այլ նաև արդեն արտաքին բացահայտ բնույթ: Անգամ պայքարող քաղաքացիներին գրանտակեր, դրսից հովանավորվող են անվանում ոստիկանության աշխատակիցները սոցիալական ցանցերի իրենց  գրառումներում, երբեմն հնչում են նույնիսկ ավելի վարկաբեկող որակումներ ու մեղադրանքներ: Ու սա արվում է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Այդպիսի գործառույթ էր իրականացնում Ռոբերտ Մելքոնյանը, ներկայումս ակտիվորեն իր բլոգերական գործառույթներն է իրականացնում Կարեն Մովսիսյանը՝ երբեմն անգամ հստակ քաղաքական գնահատականներ տալով:

Նույնիսկ ֆեյսբուքյան քարոզչությունը անտեսելու դեպքում ուղղակի հնարավոր չէ չնկատել ոստիկանական համակարգում տեղի ունեցող հստակ հակաքարոզչությունը և ատելության սերմանումը պայքարող քաղաքացիների ու ուժերի նկատմամբ: Ոստիկանության ծառայողները գրեթե նույնությամբ են բնութագրում ընթացող գործընթացները և անգամ երբեմն քաղաքացիներից հարցնում են, թե պայքարելու համար որքան են վարձատրվում: Սա է հավանաբար ենթադրում Վովա Գասպարյանի բարեփոխված ոստիկանությունը, որի ծառայողները ատում են իրավագիտակից քաղաքացիներին: Նման պայմաններում ակտիվ քաղաքացիները պետք է ինչ-որ կերպ հակադարձեն նաև այս քայլերին, քանի որ շարքային ոստիկանի մտածողությունից է   կախված նաև ծայրահեղ պահին փոփոխության հավանականությունը:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here